Համաշխարհային աստղերը հանդես են գալիս Հայիթիին օգնելու նախաձեռնություններով

Հայիթիի՝ երկրաշարժից ավերված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը

«Հանուն սիրելի Հայիթիին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է, 85-ամյա աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ֆրանսիացի մոտ 3 տասնյակ երաժիշտների հետ այս ստեղծագործությամբ կոչ է անում աշխարհին օգնության ձեռք մեկնել աղետալի երկրաշարժից տուժած հազարավոր մարդկանց:


«Ես մի շարք աղետների ականատես եմ եղել` Իտալիայում, Հայաստանում, Թուրքիայում, տեսել եմ երկրաշարժից տուժած երկրներ, որտեղ արհավիրքից փրկվածները կարողացել են դիմակայել եւ օգնության ձեռք մեկնել էպիկենտրոնում հայտնված շրջաններին: Հայիթիում, սակայն, ողջ երկիրն է գտնվում սարսափելի աղքատության մեջ, եւ մենք ուղղակի պարտավոր ենք օգնել նրանց», - Փարիզի ձայնագրման ստուդիայում տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:

Մինչ ֆրանսիական հեռուստալիքները այս տեսահոլովակը ցուցադրելով կոչ են անում օգնության ձեռք մեկնել Հայիթիին, ԱՄՆ-ում պատրաստվում են համաշխարհային աստղերի մասնակցությամբ աննախադեպ հեռուստամարաթոնի:

Հանրահայտ օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի նախաձեռնությամբ կազմակերպված «Հույս Հայիթիին հենց հիմա» խորագրով հեռուստամարաթոնին կմասնակցեն աշխարհահռչակ աստղեր Սթիվի Ուանդերը, Մադոննան, Բեյոնսեն, Բոնոն, Սթինգը, Քրիստինա Ագիլերան, Ալիշա Քիսը, Ջասթին Թիմբերլեյքը, Շակիրան, Ռիհաննան, տասնյակ այլ հանրահայտ երաժիշտներ, դերասաններ Բրեդ Փիտն ու Լեոնարդո դի Կապրիոն, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Նյու Յորքում ուրբաթ երեկոյան 8-ին, կտեւի երկու ժամ, կհեռարձակվի Նյու Յորքից, Լոս Անջելեսից եւ Հայիթիից: Նախաձեռնության մեջ ներգրավված աստղերի, հեռուստաընկերությունների, բջջային օպերատորների եւ սոցիալական ցանցերի քանակով սա ամենախոշոր նախագիծն է հեռուստատեսության եւ բարեգործության պատմության մեջ առհասարակ, գրում են լրատվամիջոցները:

Հեռուսատամարաթոնի պրոդյուսեր եւ վարող Ջորջ Քլունին ասում է, թե այս կերպ գումար հայթայթելը Հայիթիին օգնելու լավագույն տարբերակն է:

«Նմանօրինակ իրավիճակներում օգնությունը միշտ է դանդաղում, այն միշտ ուշանում է եւ դրա հետեւանքով մարդիկ մահանում են: Այս դեպքում վիճակն ավելի բարդ է, քանի որ միայն մեկ օդանավակայան է գործում, նավահանգիստն էլ վնասված է: Հետեւաբար, նախեւառաջ անհրաժեշտ է վերակագնել այն, ինչի միջոցով օգնությունը արագ կարող է հասնել, իսկ դրա համար պետք է գումար, հենց դա է մեր խնդիրը՝ գումար հայթայթել»,- ասել է Քլունին:

Այս օրերին պատրաստվում է նաեւ 25 տարի առաջ Մայքլ Ջեքսոնի եւ Լայնլ Ռիչիի համահեղինակած We Are The World երգի նոր տարբերակը, որի վաճառքից ստացված գումարը եւս ամբողջությամբ կհատկացվի Հայիթիի օգնության հիմնադրամին:

Աղետալի երկրաշարժը Հայիթին ցնցեց հունվարի 12-ին: Աղետից տուժած Հայիթիի 100 հազարավոր բնակիչներ աղետից 10 օր անց շարունակում են մնալ անօթեւան, առանց խմելու ջրի, սննդի եւ դեղորայքի: