Հունվարի 22-ի մամուլ

Երեւանյան մամուլն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցին ու այդ երկրում նրա ունեցած բարձրագույն մակարդակի հանդիպումներին:

«Ժամանակ»-ն այս առիթով գրում է. - «Մի՞թե Իրանը Հայաստանում չգտավ որեւէ գործող պաշտոնյայի, որի հետ կքննարկեր երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանի զարգացումները: Թե՞ Հայաստանի իշխանությունն է, որ Իրանի հետ այդ հարցերի կապակցությամբ բանակցելու է գործուղել Ռոբերտ Քոչարյանին: Երեւի թե, ինչպես Ղարաբաղի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանն էլ շուտով կսկսի Սերժ Սարգսյանի մոտ աշխատել հատուկ հանձնարարությունների դեսպան: Դե իհարկե, ճգնաժամի պայմաններում ոչ մեկին հենց այնպես թոշակ չեն տալիս, այն էլ՝ երիտասարդ ու աշխատունակ մարդկանց: Պետք է այդ ամենը վաստակել: Եվ Ռոբերտ Քոչարյանը թերեւս հենց դրանով էլ զբաղվել է Իրանում: Թեեւ, իհարկե, չի բացառվում, որ նա այնտեղ զվաղվել է վատակելու խնդրով, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի տված թոշակը վաստակելու, այլ այդ թոշակի հույսին չմնալու դրդապատճառով»:

Թեման շարունակում է «Հրապարակ» թերթի մեկնաբանը. - «Իրանական լրատվությունից տպավորություն է ստացվում, թե Իրանի իշխանություններն աշխարհի հետ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար են Քոչարյանին հրավիրել: Սակայն ինչո՞ւ հատկապես Քոչարյանին: Քոչարյանը Հայաստանի ժողովրդի հետ իր առչությունն արյունով ավարտելուց հետո որեւէ կառավարության ինչո՞վ կարող է օգտակար լինել»:

«Հայք» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ահմադինեջադն ասել է. «Նրանք, ովքեր դավեր են նյութում մեր դեմ, շատ թույլ են, եւ հզոր երկրները արդարության իրենց ձգտման մեջ գտնվում են ճիշտ ճանապարհի վրա, որ որոշվում է երկկողմ հարաբերությունների համագործակցության մակարդակի բարձրացմամբ»: Եթե հաշվի առնենք իրանա-ամերիկյան հարաբերությունները, ապա պարզ է, թե Սհմադինեջադն ում է տեսնում դավեր նյութողների մեջ: Միաժամանակ, հաշվի առնելով, թե ինչ բարդ իրավիճակում է Հայաստանը, եւ որքան մեծ նշանակություն ունի գերտերությունների աջակցությունը Հայաստանին, հասկանալի է դառնում, թե ինչ ծանր հարված է հասցրել Քոչարյանը Հայաստանին: Ավելին, Քոչարյանն իրեն իրավունք է վերապահել հայտարարություններ անելու եւ ասել, թե Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր կապերը Իսլամական Հանրապետության հետ... Եվ եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող ենք Քոչարյանին տեսնել Մոսկվայում կամ Անկարայում՝ պայմանագրեր կամ համաձայնագրեր ստորագրելիս»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրն անդրադարձել է Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը. - «Սահմանադրական դատարանի որոշումից հետո թուրքերը հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացնի՝ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց ակնկալած առաջընթացի դեպքում: Իսկ հայկական կողմի այն հույսերը, թե Բարաք Օբաման առաջիկա ապրիլի 24-ին կարտասանի «ցեսասպանություն» բառը, կամ նման սպառնալիքի դեպքում թուրքերը տեղի կտան, սին են: Թուրքական կողմը հիմա Օբամային ցույց տալու կոնկրետ բան ունի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքերը Օբամային կարող են բացատրել, որ հենց դա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը: Հակառակն ապացուցելու համար հայկական կողմից շատ մեծ ջանքեր կպահանջվեն»:

Սահմանադրական դատարանի որոշման թեման է շոշափվում նաեւ «Հայոց Աշխարհ» թերթի մի հրապարակման մեջ. - «Իսկ ինչո՞ւ են այդպես «իրարահան» եղել թուրքական իշխանության ու ընդդիմության նյարդերը։ Ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ տխրահռչակ «թուրքական դիվանագիտությունը» ապարդյուն դուրս եկավ։ Ավելին՝ ձախողում ձախողման հետեւից։ Շատ հնարավոր է, որ թուրքական կողմը նյարդայնանում է նաեւ այն իրողության պատճառով, որ Հայաստանի իշխանությունը այս գործընթացում շարունակում է պահպանել ռազմավարական նախաձեռնությունը, թեկուզ կես քայլ առաջ լինելու առավելությունը։ Հայաստանի հստակ ու կառուցողական մոտեցումը համարժեք է ընկալվում ու գնահատվում միջազգային հանրության կողմից, մինչդեռ Թուրքիան ստիպված է բավարարվել պարբերաբար արդարացողի, պատճառներ հորինողի դերով։ Ի լրումն՝ արդեն նյարդայնացած։ Դե ինչ, որքան դիմացինը կորցնում է ինքնատիրապետումը, այնքան մեծանում է նրա կողմից նոր սխալներ գործելու հավանականությունը։ Մնում է օգտվել այդ սխալներից»։