Հայկական ատոմակայանի կառուցման պատվերների մի մասը կստանան հայաստանյան ձեռնարկությունները

Հայաստան -- Մեծամորի ատոմակայանը

Հայաստանյան ձեռնարկությունները ստանալու են հայկական նոր ատոմակայանի կառուցման հետ կապված պատվերների մի մասը։ Չորեքշաբթի հանդիպելով լրագրողների հետ` այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը։
«Ռուսաստանյան ձեռնարկությունը ստեղծվել է հիմնականում ռեակտորի հետ կապված, բայց այնտեղ դեռ շատ գործեր կան։ Ուստի հայաստանյան ձեռնարկություններն էլ կմասնակցնեն [նոր ԱԷԿ-ի շինարարությանը]», - նշեց Զայցեւը։

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցած տարեվերջին ստեղծվել էր հայ-ռուսական «Մեծամորէներգաատոմ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ատոմակայանի կառուցման ծրագրի կառավարումն իրականացնելու է ավստրալիական Warley Parsons միջազգային կոնսորցիումը։

Անցած տարվա վերջին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղից է հայթայթվելու ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ մոտ 4 միլիարդ դոլարին հասնող գումարը, ասել էր. «Ընդունել ենք օրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանը կարող է լինել ոչ միայն պետության սեփականությունը, այլեւ ցանկացած երկիր կամ ընկերություն կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում ատոմակայանի կառուցմանը եւ բաժնետեր լինել այնտեղ»։

Ալեքսանդր Զայցեւը տեղեկացրեց, որ առ այսօր որեւէ ռուսական ընկերություն հայտ չի ներկայացրել` ձեռք բերելու հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերը։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչի ներկայացրած տվյալներով, անցած տարվա ընթացքում ռուսաստանյան ներդրումները Հայաստանում կրճատվել են 35 տոկոսով` հասնելով 300 միլիոն դոլարի։ 20 տոկոսով կրճատվել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը՝ կազմելով շուրջ 700 միլիոն դոլար, ընդ որում՝ Ռուսաստանից արտահանումը Հայաստան կրճատվել է 14%-ով` կազմելով 600 միլիոն դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է մոտ 50 տոկոսով՝ հասնելով 100 միլիոն դոլարի։ Մասնավոր փոխանցումները Ռուսաստանից Հայաստան քչացել են մեկ երրորդով` կազմելով մոտ 900 միլիոն դոլար։

Զայցեւը կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական ռեկորդային՝ 1 միլիարդ դոլարի հասնող առեւտրաշրջանառությունը կհաջողվի վերականգնել 2012 թվականից ոչ շուտ։