Հունվարի 16-ի մամուլ

«Հրապարակ»-ի թղթակիցը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին հարցնում է. - «ՀՅԴ-ն առաջարկում է, որ ՍԴ որոշման ողջունելի կետերը Ազգային ժողովն ամրագրի կից վերապահումների տեսքով, որպեսզի ներքին շրջանառության այս փաստաթուղթը նաեւ միջազգային իրավական ուժ ստանա»: Պատասխան. - «Սահմանադրական դատարանի որոշումը բաղկացած է մեկ նախադասությունից` որ այս արձանագրությունները համապատասխանում են եւ չեն հակասում ներպետական օրենքներին: Վերջացավ, սա է որոշման օպերատիվ մասը, իսկ թե ինչ է գրված պրեամբուլայում, ապա սա Դաշնակցությանն ընդամենը հնարավորություն է տալիս իր դեմքը փրկելու. կամ ՀՅԴ-ն չի հասկանում, թե իրականում ինչ է ասված այդ որոշման մեջ, կամ ի սկզբանե իշխանությունների հետ գնացել է գործարքի, որ իր դեմքը փրկելու համար ՍԴ որոշումը ծանրացվի նման պրեամբուլայով եւ դեկլարատիվ հայտարարություներով, ինչը հնարավորություն կտա ՀՅԴ-ին իր աջակիցներին հայտարարելու, որ իրենց պահանջները մասամբ բավարարվել են: Սակայն, կրկնում եմ` նման բան չկա, «որոշեց» բառից հետո հայտնի նախադասությունն է»:

Իսկ «Ժամանակ»-ի զրուցակից` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ասում է. - «[Այժմ] միտումն այն է, որ բոլոր երկրները նայում են Հայաստանին, սպասելով, որ եթե նա փոխզիջման գնա Թուրքիայի հետ, փորձեն զիջումներ կորզել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա ազնիվ չէ, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի պաշտպանվելու, որովհետեւ օբյեկտիվորեն, եթե Հայաստանն ու Թուրքիան հասնեն ինչ-որ փոխզիջման, ապա դա Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումն ավելի քիչ հավանական է դարձնելու: Սակայն, անկախ այս ամենից, Հայաստանի իրական ուժը ոչ թե դրսում է, այլ ներսում: Դրսից եկող ճնշմանը դիմակայելու համար Հայաստանը պետք է ուժեղ լինի ներքին կյանքում, այնինչ նա հիմա ավելի թույլ է, քան առաջ` կապված լեգիտիմության պակասի եւ ժողովրդավարության բացակայության հետ: Մարտի 1-ից հետո Հայաստանը շատ թուլացավ եւ դրսի ճնշումներն ուժեղացան: Պատկերավոր ասած` Հայաստանը շրջապատված է շնաձկներով, որոնք եթե արյան հոտ են առնում, հասկանում են, որ թույլ կենդանի են գտել, որին կարելի է ուտել: Մարտի 1-ին Երեւանում հեղված արյունն իր շուրջն է գրավել շնաձկներին»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում սենսացիոն բացահայտում է արել: Նա ասել է, թե ԵԽԽՎ-ի պաշտոնյաներից իրեն ասել են, որ ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողների` դեռեւս անցյալ նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսված այցը Հայաստան չի կայացել, քանի որ ԵԽԽՎ-ում չեն ուզեցել Հայաստանի իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրել այն պայմաններում, երբ քաղաքական ողջ թթվածինը ծախսվում էր հայ - թուրքական հարաբերությունների վրա, եւ իրենք չեն ուզեցել խանգարել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման այդ գործընթացին: Նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսված այցը հետաձգվել էր մինչեւ հունվար, սակայն երեկ հայտնի է դարձել, որ այն հունվարին նույնպես տեղի չի ունենալու: Ինչպես ԵԽԽՎ-ում հայտնել են Արման Գրիգորյանին, համազեկուցողների այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ «հիմնական ուշադրությունը ուրիշ հարցերի վրա կենտրոնացած չի լինի»: «Սա նշանակում է, որ համազեկուցողները ՀՀ կգան միայն հայ - թուրքական, սա նշանակում է նաեւ` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ որեւէ հանգուցալուծման հասնելուց հետո: Թերեւս հենց այս մոտեցումն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները սկսեցին հայտարարել, թե Մարտի 1-ի հարցը փակված է, ԵԽԽՎ-ի հետ ՀՀ-ն այլեւս պրոբլեմ չունի եւ այլն», - գրում է թերթը:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանում ներկայումս կառուցված ժողովրդավարության մոդելը, բնականաբար, հեռու է կատարելությունից: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ իր հիմնական գծերով այն նման չէ արեւմտյան այս կամ այն նմուշին: Եվ ոչ էլ նույնիսկ այն պատճառով, որ ինչ-որ մեկը (ինքը` նախագահը կամ կառավարությունն ու խորհրդարանը) այդ ժողովրդավարությունը ճնշում է. պատմության մեջ սուբյեկտիվ գործոնը միշտ առկա է, բայց ամենեւին էլ վճռորոշ չէ: Գլխավոր` բովանդակային պատճառն այլ է. ժողովրդավարությունը Հայաստանում առաջվա պես հիշեցնում է շենք, որը սկսել են կառուցել տանիքից: Այժմ քանդել արդեն առկա «տանիքը»` ծառացած խնդրից մեկ զարկով ազատվելու համար, ոչ միայն պարզապես ափսոս է, ոչ թե պարզապես «երկու քայլ հետ» է. դա նաեւ շատ ու շատ վնասվածքավտանգ է: Մինչդեռ «հիմք» եւ «պատեր» առաջվա պես չկան: Այնքան ժամանակ, քանի դեռ վիճակն այսպիսին է, բացակայող «կրող կառուցվածքների» տեղում անխուսափելիորեն կհայտնվեն ինչ-որ ժամանակավոր հենարաններ»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Բաթումում նախատեսված էներգետիկ գագաթաժողովը ձախողման դատապարտվեց: Բաթում էին հրավիրված Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները, իսկ հանդիպումը պետք է բացեր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է ընթացել. երկօրյա գագաթաժողովի փոխարեն ստացվել է փորձագիտական համաժողով, որը տեւել է ընդամենը մեկուկես ժամ: Փորձագետները համարում են, որ Բաթումի գագաթաժողովի ձախողումը խոսում է այն մասին, որ Կենտրոնական Ասիայից եկող եւ Ռուսաստանը շրջանցող նավթի եւ գազի տեղափոխման ուղիներ շուտափույթ կերպով կառուցելու նկատմամբ հետաքրքրությունը նվազել է»: