«Շանթ»-ի ու «32»-ի «հակամարտությունը» կշարունակվի դատարանում

«Նոր ալիք», «Հ1», «Շանթ». սրանք այն ալիքներն են, որոնցով անցյալում ցուցադրվում էր «32 ատամ» հումորային նախագիծը, որն այժմ հեռարձակվում է «Արմենիա TV»-ի եթերում` դառնալով մեծ քննարկումների առիթ: Պարզվում է, որ «32»-ի եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ առաջացել են լուրջ տարաձայնություններ, եւ այժմ երկու կողմերն իրար են մեղադրում կատարվածի համար:
«Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Կարախանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այնքան լուրջ է, որ գործը նույնիսկ հասել է դատարան: Նա պատմեց, որ «Շանթ»-ի եւ «32 փրոդաքշն» ընկերության միջեւ 2009 թվականի սեպտեմբերին կնքված պայմանագրով, «32 ատամ» հումորային հաղորդումը հեռարձակելու բացառիկ իրավունքը պատկանում էր հենց «Շանթ» հեռուստաընկերությանը, ինչը խախտվել է «32 փրոդաքշն»-ի կողմից:

Արամ Կարախանյանը պատմեց, որ «32 փրոդաքշն» ընկերությունը դիմել է դատարան` «Շանթ» հեռուստաընկերության հետ պայմանագիրը լուծելու պահանջով: Որպես պատճառ` «32»-ը առաջ է քաշել հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների վճարը հեռուստաընկերության կողմից ուշացնելը, ինչը, ըստ իրավաբանի, այդպես չէ, քանի որ «Շանթ» մարել էր բոլոր պարտքերը մինչեւ գործը դատարան կհասներ: Չսպասելով դատական գործընթացին` «32 ատամ» հումորային նախագիծը 2009 թվականի դեկտեմբերից սկսեց հեռարձակվել «Արմենիա TV»-ի եթերում, ինչն էլ դարձավ «Շանթ»-ի կողմից «32 փրոդաքշն» ընկերության դեմ պատասխան հայցով հանդես գալու պատճառը:

«Շանթ»-ն իր հայցում պահանջում է դադարեցնել «32 ատամ» հումորային հաղորդման հեռարձակումը «Արմենիա TV»-ով եւ վերադարձնել այն իր եթեր: «Շանթ»-ը պահանջում է նաեւ, որպես տույժ, այլ հեռուստաընկերությամբ հեռարձակված ամեն հաղորդման համար վճարել 1,5 միլիոն դրամ:

Չբացառելով ոչինչ` «32 ատամ» ակումբի պրոդյուսեր եւ արդեն «TV 5» հեռուստաընկերության պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով «32 ատամ»-ը «Շանթ» չի վերադառնա: Խոսելով գումարային պահանջի մասին` Կարեն Բաբաջանյանն ասաց, որ իրենք ստացել են միայն հոկտեմբեր ամսվա վճարները, իսկ նոյեմբերինը պետք է ստանային դեռ դեկտեմբերին, ինչը չեն ստացել: Ըստ նրա` դա բավարար պատճառ է, որպեսզի պայմանագիրը միակողմանի դադարեցվի:

Խոսելով «32 ատամ» հումորային հաղորդման` «Արմենիա TV» տեղափոխվելու մասին` Կարեն Բաբաջանյանը նշեց, որ դրա հեղինակային իրավունքներն այժմ պատկանում են «Թրթի թու փրոդաքշն» ընկերությանը, որը ոչ մի պայմանագիր չունի «Շանթ» հեռուտաընկերության հետ: Վերջինս պայմանագիր էր կնքել «Երեսուներկու փրոդաքշն» ընկերության հետ, որի դեմ էլ այժմ դատական հայց է ներկայացված:

Իսկ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Կարախանյանը կարծում է, որ վճարի ուշացնելը չի կարող լինել պայմանագրի դադարեցման պատճառ: Ըստ նրա` «32 փրոդաքշն»-ը ստացել է լավ առաջարկ, որն էլ չի մերժել:

Հիմա կողմերը պատրաստվում են դատական գործընթացին` երկուսն էլ վստահ, որ իրենք են շահելու դատը: