Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, ողջունելով Սերգեյ Լավրովի այցը Հայաստան` Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ռազմավարական, գործընկերական հարաբերությունների վերաբերյալ։ Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` նախագահ Սարգսյանը նաեւ ասել է. - «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»:

Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ողջույնները։

«Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախագահ Սարգսյանը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, եւ կարեւորվել ռուսական կողմի կառավարման ներքո գտնվող հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետ շահագործումը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: