Նախնական տվյալներով` թիվ 10-ում անցկացված ընտրություններում հաղթել է Արա Սիմոնյանը

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախնական տվյալներով` հաղթել է Արա Սիմոնյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուն ստացել է 7622 ձայն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ըստ Մարկոսյանի, ստացել է 5023 քվե, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն, անվավեր ձայների թիվն է 438:

Քվեարկությանը մասնակցել է 13 հազար 380 ընտրող:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ վկայությամբ` քվեարկության օրվա ընթացքում թեկնածուների շտաբներից բողոք-դիմումներ չեն ստացվել, երկու դիմում-բողոք ստացվել է դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության կողմից:

Հարցին` կարո՞ղ են արդյոք ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու հիմք հանդիսանալ խախտումները, որոնց մասին ահազանգեր էին ստացվում Նիկոլ Փաշինյանի շտաբից, ինչպես նաեւ լրագրողների կողմից, Սիլվա Մարկոսյանը արձագանքեց. - «Մինչեւ այս պահը այնպիսի խախտում, որը ազդի ընտրության արդյունքի վրա, հայտնի չէ, բայց ունենք տեղամաս, որը փակված է եղել ինչ-որ ժամանակահատված. վիճել են իրար հետ թե հանձնաժողովի անդամներ, թե դիտորդներ, վստահված անձինք` մեզ դեռ պարզ չէ, չնայած այցելել եմ հենց այդ տեղամաս, բայց միեւնույն է` հստակ չէր, թե ինչ է տեղի ունեցել, բայց տեղամասը փակվել էր: Դա թիվ 10-ի 19 տեղամասն էր: Մի քանի տեղամասերի արձանագրությունները` երկու թե երեք, ստորագրության կողքին հատուկ կարծիք կա, որը մատյաններում պիտի թերթենք, թե ինչ է հատուկ կարծիքը իր մեջ պարունակում»:

«Դիմում-բողոքները կնայենք` հետո կարող եմ ամբողջական պատասխան տալ ձեզ», - ասաց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Թեկնածուները կարող են վերահաշվարկի պահանջով իրենց դիմում-բողոքները հանձնաժողով ներկայացնել երկուշաբթի կեսօրից հետո մինչեւ ժամը 14:00-ը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով հունվարի 10-ի ընտրությունները, հայտարարեց. - «Խախտումները բազմապիսի են, մի քանի տեղամասերում դրանք ուղղակի աղաղակող բնույթ են կրում, իսկ մասնավորապես 10/19 տեղամասը ուղղակի փակվել է, գողացվել է ընտրացուցակը, մատյանը, որտեղ գրառումներ են կատարվում, տեւական ժամանակ ուղղակի ընտրատեղամասը փակված է եղել, մեր տեղեկություններով` շուրջ 40-50 րոպե եւ միգուցե մեկ ժամ, որոշ ընտրական փաստաթղթեր` անհետացած»:

Արա Սիմոնյանի նախընտրական շտաբում թեկնածուն եւ շտաբի պատասխանատուն ներկա չէին: Շտաբի ներկայացուցիչ Արսեն Գաբրիելյանը որեւէ ահազանգի մասին չբարձրաձայնեց:

Պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Հունվարի 10-ի ընտրությունների քաղաքական բնութագիրը եւ բուն բովանդակային էությունը կայանում են նրանում, որ քաղաքագլուխը մխրճվեց նոր պետական հանցագործության մեջ, իսկ հանրապետության նախագահը դիտորդի կրավորական կեցվածք ընդունեց: Էությունը ինչում է կայանում. վարչական ահաբեկչության ճանապարհով, օգտագործելով հոգեբանական տեռորի, ֆիզիկական պրեսինգի բոլոր լծակները` քաղաքագլուխը ուզում է մանդատ գողանալ քաղաքականությանը եւ հայ հասարակությանը անհայտ մի հումանոիդի համա` սա է ամբողջ բովանդակային ողբերգությունը: Եվ այսօր մենք համոզվեցինք, որ ընտրական իրավունքը անհրաժեշտ է սկզբունքորեն ռեստրուկտուրիզացիայի ենթարկել»:

«Ես պահանջում եմ նոր Սահմանադրություն եւ սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, իսկ այս ընտրությունները ճանաչել անվավեր` պարտադիր ճանաչել անվավեր, ազգի խայտառակություն», - հայտարարեց Հակոբյանը: