Իլհամ Ալիեւ. ամանորյա՞, թե՞ պատերազմի ուղերձ

Իլհամ Ալիեւ

«Այսօր մեր բանակը ընդունակ է կատարել բոլոր առաջադրված խնդիրները, մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հողերն ազատագրենք օկուպացումից` թե՛ մարտունակությունը, թե՛ հայրենասիրական ոգին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում:
«Ընդլայնվում են մեր հնարավորությունները սպառազինության առումով: Պաշտպանական արդյունաբերությունը Ադրբեջանում գործում է արդեն չորս տարի, եւ մենք մեծ հաջողությունների ենք հասել այդ ուղղությամբ», - «ԱզերԹաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Ալիեւը եւ հավելել. - «Մեր ռազմական ներուժը աճում է օր-օրի եւ շարունակելու է աճել: 2010 թվականին այդ նպատակների ապահովման համար նախատեսված են լրացուցիչ մեծ միջոցներ»:

«Մենք կարող ենք օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հարցի, հայ - ադրբեջանական հակամարտության լուծման համար», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը վերստին հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ, չի եղել եւ երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնալու անկախ պետություն». - «Առանց Ադրբեջանի համաձայնության դա անհնար է, իսկ Ադրբեջանը երբեք չի կարող իր համաձայնությունը տալ դրան: Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը եւ ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրելու են, պետք է ապրեն ինքնավարության կարգավիճակի շրջանակներում, եւ այդ բնագավառում պետք է կիրառվի համաշխարհային ամենաառաջավոր փորձը: Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որից չենք նահանջելու ոչ մի քայլ»:

«Մենք ձգտելու ենք` օգտագործելով բոլոր հնարավորությունները` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ մնացյալ, մոտ ժամանակներս, արդարացի, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծել այդ հարցը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը», - ասել է Ադրբեջանի նախագահը` հավելելով. - «Բայց միաժամանակ, Ադրբեջանը նաեւ ծավալում է իր ռազմական ներուժը: Դա մեր ինքնիշխան իրավունքն է, եւ մենք դրանից օգտվում ենք: Ադրբեջանը բանակային շինարարությունը իրականացնում է ներքին հնարավորությունների հաշվին: Բնականաբար, դա մեր ներքին գործն է»:

Միեւնույն ժամանակ, Ալիեւը ասել է, թե 2009 թվականին «շատ կարեւոր քայլեր» են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Ամբողջ միջազգային հանրությունը եւ այդ հարցով անմիջականորեն զբաղվող կողմերը արդեն ցույց են տալիս իրենց կամքը, թե ինչ ուղիներով է լուծվելու հիմնախնդիրը: Անչափ ուրախացնում է այն, որ գերակշռում է այն դիրքորոշումը, որը Ադրբեջանը պաշտպանում է շատ տարիներ: Այսինքն` հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք միշտ պաշտպանել ենք հենց այդ սկզբունքները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մեկնաբանելով Ալիեւի հիշյալ հայտարարությունները` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, մասնավորապես, շեշտել է. - «Սովորաբար, երկրների մեծ մասի առաջնորդները իրենց ժողովուրդներին են դիմում ամանորյա ավանդական ուղերձով, որը կոչված է փոխանցել համագործակցության, խաղաղության եւ բարգավաճման բարեմաղթանքներ: Բայց Ադրբեջանի դեպքում 2010 թվականի ամանորյա ուղերձը պատերազմի ուղերձ էր»:

Ընդգծելով, թե նման ուղերձը «միջազգային հանրությանը ուղղված նախազգուշացում էր, որ խաղաղությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում երաշխավորված չեն լինելու 2010 թվականին», Կիրակոսյանը, այդուհանդերձ, համոզմունք է հայտնել, թե այդ ռազմաշունչ խոսքերը «մնում են դատարկ սպառնալիքներ», քանի որ, նրա պնդմամբ, ադրբեջանական զինված ուժերը տվյալ պահին հեռու են մարտական պատրաստականության համապատասխան մակարդակից, եւ Ադրբեջանի նախագահը ակնհայտորեն գերագնահատում է նրանց հնարավորությունները: