Հարձակման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստները դուրս են գրվել հիվանդանոցից

Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր պատանիները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության ընդդիմադիր թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի երիտասարդ ակտիվիստները, ովքեր կիրակի օրը քարոզարշավ իրականացնելիս հարձակման եւ ծեծի էին ենթարկվել, արդեն դուրս են գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։
Կիրակի օրը ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկեւկես տասնյակ երիտասարդներ հարձակման էին ենթարկվել սպորտային կազմվածքով մոտ 25-30 երիտասարդների կողմից: Ընդդիմադիր պատանիներից 5-ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայ ազգային կոնգրեսից, հարձակվողները հայհոյում էին ու հարվածներ հասցնում 18-20 տարեկան պատանիներին, որոնց թվում կային աղջիկներ:

Հիվանդանոցից նոր դուրս գրված ընդդիմադիր պատանիներից մեկը՝ Վահագն Գեւորգյանը, ով, ի դեպ, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդին է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ փոխանցեց։

«Սկզբում ասում էին՝ մի մտեք շենքերը։ Բայց իրենց նպատակը այն չէր, որ մենք շենքերը չմտնեինք, որովհետեւ իրենք զինված էին։ Նրանց մոտ ձողեր կային, խփելու համար մետաղական հարմարանքներ կային՝ կաստետներ», - պատմեց Գեւորգյանը։

Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Վարդանանց փողոց, 5ա շենքի դիմաց։ Ըստ Վահագն Գեւորգյանի, հենց այդ շենքում էլ գտնվում է պատգամավորության թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արամ Սիմոնյանի նախընտրական շտաբը։ Արա Սիմոնյանը համարվում է առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը։

«Առաջին մուտքի մոտ շտաբն էր, վերջին մուտքի մոտ կռիվը եղավ», - ասաց երիտասարդ ակտիվիստը։ Նրա պնդմամբ՝ «երբ որ նրանք սկսեցին խփել, մոտավորապես 10 հոգի շտաբից դուրս եկավ, եւ 15 հոգի էլ շենքերի հետեւի կողմից եկավ։ Բոլորը մասնակցեցին կռվին»։

Արա Սիմոնյանի օգնականը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատգամավորության թեկնածուն Վարդանանց փողոցի վրա ընդհանրապես նախընտրական որեւէ շտաբ չունի։

Հարձակումից հետո հիվանդանոց տեղափոխված ընդդիմադիրներին են այցելել ոստիկանության աշխատակիցները, Կենտրոնի քրեական հետախուզության պետը։ Արդեն կիրակի օրը դեպքի մասին տրվել է հաղորդում։ Երիտասարդ ակտիվիստները նշեցին, որ իրենք հիշում են եւ կարող են ճանաչել այն անձանց, ովքեր իրենց ծեծի են ենթարկել։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով նույնպես ներկա է եղել միջադեպին, գործը հետաքննող ոստիկաններին ճանաչել են ծեծի ենթարկված պատանիները։

«Նրանից երկուսը մասնակից են եղել հուլիսի 1-ին տեղի ունեցած հարձակմանը հանրահավաքից առաջ իրազեկում իրականացրած երիտասարդների նկատմամբ», - ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով այս տարվա հուլիսի 1-ին ընդդիմության հանրահավաքից առաջ թռուցիկ բաժանող ընդդիմադիր երիտասարդների եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը։ - «Այսինքն, նույն այդ ջարդարարները եկել էին «հետաքննություն անցկացնելու» երեկվա հարձակման կապակցությամբ»։

Հայ ազգային կոնգրեսը, միջադեպի առնչությամբ տարածած հայտարարությամբ, պնդում է, որ հարձակումը կատարվել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի լրագրողներին ասաց, որ միջադեպը կազմակերպել է 10/19 եւ 10/20 ընտրատեղամասերի սպասարկող Հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանի կողմից։

«Մոբիլիզացվել է ընտրակեղծարարության եւ բռնության Հանրապետական կուսակցության ամբողջ մեքենան՝ Գեղամյանի կուսակցության ներկայացուցչի [Արա Սիմոնյանի] հաղթանակը ապահովելու համար։ Բոլոր Հանրապետական շտաբերը աշխատում են նրա համար, եւ, փաստորեն, դա իշխանությունների կողմից դիտարկվում է որպես միակ հնարավորությունը՝ խափանելու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։