Սերժ Սարգսյանը դժգոհ է երկրաշարժի գոտու բնակարանաշինության ծրագրից

Հայաստան -- Նախագահ Սարգսյանը ուսումնասիրում է նորակառույց բնակարան Գյումրիի «Մուշ-2» թաղամասում, 23-ը դեկտեմբերի, 2009թ.

Լոռու եւ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ծանոթանալով 1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին, դժգոհել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կատարված շինարարության որակից եւ չնախատեսված խորհրդակցություն անցկացրել Շիրակի մարզպետարանում։

Սպիտակում մինչեւ ապրիլ շահագործման կհանձնվի 220 բնակարան


Հայաստան --Շինարարական աշխատանքներ Սպիտակում, 23-ը դեկտեմբերի, 2009թ.
Նախագահը նախ այցելեց Լոռու մարզ, ծանոթացավ Սպիտակի «Նոր քաղաք» թաղամասում եւ մարզի 8 գյուղերում ընթացող բնակարանաշինությանը։ Սպիտակում մինչեւ հաջորդ տարվա ապրիլ նախատեսվում է շահագործման հանձնել 220 անհատական բնակարան: Դրանց հիմքերն արդեն գցված են։ Այս թաղամասում բնակվելու են Սպիտակի բնակարանային հերթացուցակում ընդգրկված 392 ընտանիք: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, 2010 թվականից նախատեսվում է այստեղ կառուցել եւս 72 անհատական բնակարան։

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի փոխանցմամբ, «Նոր քաղաք» թաղամասում բնակարանների բաշխումը տեղի կունենա այն ժամանակ, երբ ավարտվի բոլոր տների կառուցումը: Սրանով Սպիտակում կփակվի աղետից բազմաբնակարան շենքերում տներ կորցրած ընտանիքների հարցը:

Սպիտակում դեռեւս լուծման ենթակա է 1200 ընտանիքների խնդիրը, ովքեր երկրաշարժին մասնավոր բնակարաններ են կորցրել եւ այժմ բնակվում են ժամանակավոր կացարաններում:

Նախագահը խոստումը կատարեց


Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Շիրակամուտ գյուղն էր. նախագահը այցելեց նոր բնակարան ստացած Արեւհատ Վարդեւանյանին։ Սերժ Սարգսյանի նախորդ այցի ժամանակ՝ 2009-ի հուլիսին, շիրակամուտցի ծեր կինը խնդրել էր իր 7-հոգանոց ընտանիքին տուն հատկացնել։

«20 տարի վագոնում ենք ապրել, հիմա երկու շաբաթ կլինի տուն ունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արեւհատ Վարդեւանյանը՝ կարծիք հայտնելով, որ եթե նախագահի խոստումը չլիներ, այդպես էլ տուն չէր ունենա։

Նախագահ Սարգսյանի այցի օրը Լոռիի 8 գյուղական բնակավայրերում 146 ընտանիք բնակարանի վկայագիր ու պայմանագիր ստացավ:

1988-ի աղետից տուժած Լոռիի 33 գյուղական համայնքներում բնակարանի է սպասում 1712 ընտանիք: Ցուցակը դեռեւս նախնական է՝ ճշգրտման փուլում:

Դժգոհություններ, չնախատեսված խորհրդակցություն՝ Շիրակի մարզում


Հայաստան -- Նորակառույց շենքեր Գյումրիի «Մուշ-2» թաղամասում, 23-ը դեկտեմբերի, 2009թ.
Մինչ Սերժ Սարգսյանը Լոռու մարզից կուղեւորվեր Շիրակ, Գյումրիի «Մուշ-2» թաղամասում շինարարները հասցրեցին լվանալ ցեխոտ փողոցը, ու, չնայած տեղացող անձրեւին, ասֆալտապատել այն։

Հանրապետության ղեկավարը նորակառույց երկու շենք այցելեց, ծանոթացավ նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին։ Հենց առաջին բնակարան այցից հետո, դատելով նախագահի դեմքի արտահայտությունից, կարելի էր ենթադրել, որ դժգոհ է։

«Մուշ-2» կատարած այցից հետո Սերժ Սարգսյանը չնախատեսված խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները: Մեկ ժամ տեւած դռնփակ խորհրդակցությունից հետո նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը լրագրողներին որոշ մանրամասներ հաղորդեց։

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը՝ Սերժ Սարգսյանը կարգադրել է ամբողջությամբ վերացնել եղած թերությունները։ Նախագահը նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը:

«Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բացթողումների հետ կապված` կառուցապատող ընկերությունը եւ համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետեւություններ անեն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները:

Դեկտեմբերի 19-ին Գյումրիում վիճակահանություն էր անցկացվել, որի արդյունքում որոշվել էին այն 96 ընտանիքները, ովքեր նախագահի այցի օրը պետք է «Գլենդել Հիլզ»-ի կառուցած շենքերում բնակարանամուտ տոնեին։ Անձամբ Սերժ Սարգսյանի կողմից բացահայտված թերությունների եւ տված հանձնարարականների արդյունքում, փաստորեն, այդ ընտանիքները այսօր բնակարան չստացան։ Փոխարենը նրանց բնակարանների ստացման մասին հավաստագրեր հանձնեցին։

«Էլի թուղթ տվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատակեցին նրանք, գոհունակություն հայտնելով, սակայն, որ իրենց ապագա բնակարանները կունենան ջեռուցում, սալիկապատում եւ գազօջախներ։

Հայաստանի կառավարության տվյալներով, մինչ օրս երկրաշարժի գոտում անօթեւան է 7 հազար ընտանիք։ Կառավարությունը խոստացել է մինչեւ 2013 թվականը լուծել շուրջ 5 հազար 3 հարյուր ընտանիքի բնակարանի խնդիրը։

Գյումրիում կառավարությունը նախատեսում է ֆինանսավորել ավելի քան 3 հազար բնակարանների շինարարությունը։ Շինարարական աշխատանքները կատարող «Գլենդել Հիլզ» ընկերությունը ավելի վաղ խոստացել էր ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ավարտին հասցնել 1056 բնակարանների շինարարությունը, սակայն աշխատանքների ավարտը ստիպված եղան հետաձգել մինչեւ դեկտեմբերի վերջ։ Այժմ արդեն նոր ժամկետ է նշանակվել. քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա մայիսի կեսին: