Ոտնձգություն Նոր պահպանողական շարժման Վանաձորի գրասենյակի նկատմամբ

Անցած գիշեր անհայտ անձինք ջարդել են Նոր պահպանողական շարժման Վանաձորի գրասենյակի մուտքի եռագույն դրոշի ձողը, գողացել դրոշը, ինչպես նաեւ մեխակներ տեղադրել գրասենյակի մուտքի առջեւ:

Շարժման փոխնախագահ Էդգար Հելհելյանը կատարվածի պատասխանատու է համարում Վանաձորի քաղաքապետից մինչեւ Լոռու մարզպետը, ոստիկանապետը, ովքեր, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց նա, քաղաքը «թողել են անտեր վիճակում` թույլ տալով լակոտներին հարձակվել քաղաքական կառույցների վրա»:

«Գրություն չեն թողել, բայց, բնականաբար, ձեռագիրը պարզ է: Կարծում եմ, սրա հետեւին ավելի լուրջ մարդիկ են կանգնած, ուղղակի ձեռագրի լակոտական լինելն է ինձ վիրավորում», - ասաց Հելհելյանը` նշելով, թե կոնկրետ անուններ դեռ չգիտի. - «Չգիտեմ ով է պատվիրատուն, ունեմ ենթադրություններ, որոնք պայմանավորված են քաղաքական ենթատեքստով, մեր շարժման կատարած աշխատանքով»:

Շարժման ղեկավարները դիմել են ոստիկանություն:


Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր