Բռնապետի դուստրը՝ Շվեյցարիայի ամենահարուստ 10 մարդկանց շարքում

Գյուլնարա Քարիմովան՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը

Գյուլնարա Քարիմովան՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, առաջին անգամ հայտնվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց տասնակում՝ իր շուրջ 600 մլն դոլար ունեցվածքով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:
Շվեյցարական «Բիլան» ամսագրի հրապարակած երկրի 300 մեծահարուստների ցուցակում ընդգրկվել են առնվազն 100 մլն շվեյցարական ֆրանկ՝ շուրջ 95 մլն դոլար կարողություն ունեցողները:

Հարվարդի համալսարանի կրթությամբ, 37-ամյա Գյուլնարա Քարիմովան, ով Ուզբեկստանի ՄԱԿ-ի դեսպանն է Ժնեւում, ավելի վաղ ընդգրկվել էր նաեւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի ամենահարուստ դուստրերի» ցուցակում:

Ուզբեկստանի բռնապետ ղեկավարի մեծահարուստ դուստրը բանկեր եւ ներդրումներ ունի Դուբայում եւ Ժնեւում, ղեկավարում է Ուզբեկստանի հանքարդյունաբերությամբ, գազի եւ նավթարդյունաբերությամբ զբաղվող «Զերոմաքս» ընկերությունը, նաեւ Ուզբեկստանի խոշոր առեւտրային համալիրի, գիշերային ակումբների եւ հանգստյան տների սեփականատեր է:

«Ուզբեկստանի արքայադուստր», «Ուզբեկստանի Օփրա Ուինֆրի» անունները ստացած Գյուլնարան ունի նաեւ սեփական նորաձեւության եւ ինտերիերի դիզայնի ապրանքանիշը՝ «Գուլի»-ն: Մարտին նա ստեղծել է զարդերի ինքնատիպ հավաքածու հատուկ շվեյցարական «Չոփարդ» ընկերության համար:

Երկու երեխաների մայր, հասարակական եւ բարեգործական մի շարք նախագծերի հեղինակ Գյուլնարա Քարիմովան փորձել է իրեն անգամ շոուբիզնեսի ասպարեզում, մի քանի երգ է ձայնագրել, նկարահանել տեսահոլովակներ` հանդես գալով «Գուգուշա» բեմական անվամբ:


Քարիմովայի նախկին ֆինանսական խորհրդատուն՝ Ֆարխոդ Ինոգոմբաեւը, «Ազատություն» ռադիոկայանի Ուզբեկական ծառայությանը հաղորդել է, որ Գյուլնարա Քարիմովան աստիճանաբար հաստատում է իր անունն ու դիրքերը Եվրոպայի ֆինանսական էլիտայի շարքերում:

Կարծիքներ կան, որ Քարիմովայի հայրը ճանապարհ է հարթում իր դստեր համար դեպի երկրի նախագահի պաշտոն: