Լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող ոստիկանների նկատմամբ կարող է համաներում կիրառվել

Երկուշաբթի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց երեքական տարվա ազատազրկման դատապարտել եւ համաներմամբ ազատ արձակել նախորդ տարվա մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մի անհայտ քաղաքացու ծեծի ենթարկած երկու ոստիկաններին՝ Գեղամ Հարությունյանին եւ Հովհաննես Ղուկասյանին։
Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանը եւ Հովհաննես Ղուկասյանը մեղադրվում են լիազորություններն անցնելով բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու մեջ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրող կողմի, մեղադրանքի հիմք ծառայած տեսանյութում երեւում է, որ այս ոստիկանները չարաշահել են իրենց լիազորությունները, բերման ենթարկելու փոխարեն ծեծի են ենթարկել իրավախախտ քաղաքացուն, որն այդ պահին արդեն վնասազերծված է եղել:

Սակայն ոստիկանները իրենց մեղավոր չեն ճանաչում։ Նրանց շահերի պաշտպան Արշակ Թովմասյանի խոսքով. - «Տեսասկավառակում պարզ երեւում է, որ նույնիսկ այդ վիճակում [վնասազերծված], ոտքերով հարվածում ու հայհոյում է։ Ոստիկանության ծառայողները գործել են օրենքին համապատասխան»։

Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով դատարանը վճիռ դեռ չի կայացրել, պաշտպանական կողմը վաղը հանդես կգա ճառով։

Մարտի 1-ի դեպքերից ավելի քան 1 տարի հետո դատախազությունը գործեր հարուցեց 4 ոստիկանի դեմ։ Այս գործերի համար հիմք հանդիսացան ինտերնետում տեղադրված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, թե այդ ոստիկանները ինչպես են ծեծում անմեղ քաղաքացիներին։

Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ մեղադրվող մյուս 2 ոստիկանների դատավարությունը ավարտվել էր անցած շաբաթ։ Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանին եւ Գեղամ Գրիգորյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մասով` պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ, դատապարտել երեքական տարի ազատազրկման, բայց կիրառելով համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշումը` ազատել էր պատժից։