Դեկտեմբերի 12-ի մամուլ

«Ժամանակ» թերթի մեկնաբանը, ենթադրելով, որ Հայաստանի համար էլ անակնկալ էր, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը սահմանափակվել է միայն Ադրբեջանով, գրում է. - «Սա նշանակում է, որ համանախագահները, թերեւս, կամ հարկ չեն համարել Հայաստանին տեղեկացնել իրենց բուն ծրագրերի մասին, կամ իրենք էլ կայացրել են անակնկալ որոշում եւ այցելել միայն Ադրբեջան»։
«Ժամանակ» թերթի մեկնաբանը, ենթադրելով, որ Հայաստանի համար էլ անակնկալ էր, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը սահմանափակվել է միայն Ադրբեջանով, գրում է. - «Սա նշանակում է, որ համանախագահները, թերեւս, կամ հարկ չեն համարել Հայաստանին տեղեկացնել իրենց բուն ծրագրերի մասին, կամ իրենք էլ կայացրել են անակնկալ որոշում եւ այցելել միայն Ադրբեջան։ Բոլոր դեպքերում, այդ հանգամանքը կարծես թե վկայում է, որ այցն ինչքան որ կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի խնդրին, այնքան էլ կարող է ուղղակի կապ չունենալ դրա հետ եւ ավելի շատ առնչվել հայ-թուրքական գործընթացին, որի շուրջ որոշակի շրջապտույտներ տեղի ունեցան Օբամա-Էրդողան հանդիպման համատեքստում։ Չի բացառվում, որ համանախագահները Ադրբեջան են այցելում հենց այդ շրջանակում, քանի որ կարծես վաղուց ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը միայն Լեռնային Ղարաբաղի հարցով չէ, որ զբաղվում է, այլ ընդհանրապես տարածաշրջանային հարցերով»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հնուց ի վեր տղամարդու գլխավոր արժանիքներից էին համարվում այն որակները, որոնք հայկական լեքսիկոնում «թասիբ», «նամուս» անունն ունեն։ Այսինքն՝ տղամարդուն սազական չէին համարվում որոշ արարքներ, մասնավորապես, սեփական խոսքից հետ կանգնելը, ինչպես ասում են՝ թքածը լիզելը։ Բայց մեր քաղաքական դաշտում սրանք գոյություն չունեցող կատեգորիաներ են։ Մեր քաղաքական այրերն ու բիզնեսմեններն ամեն ինչի ընդունակ են։ Նրանք չգիտեն ինչ է ասածդ խոսքին ու հայտարարածդ սկզբունքներին հավատարիմ լինելը, սեփական դեմքն ունենալն ու այն փրկելու համար զոհողությունների գնալը։ Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տղամարդուն վայել մի տեքստ է տարածել ինտերնետ-լրատվամիջոցներով՝ ներողություն խնդրելով Բուրսայից հետո ի պատասխան Ծառուկյանի իր արած կոպիտ հայտարարության համար։ Նա բացատրել է, թե նյարդային վիճակում է եղել, եւ թույլ է տվել սխալ արտահայտություններ, մինչդեռ՝ անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չի ունեցել»։

«Ի՞նչն է խանգարում երկրի արդիականացմանը», - հարցնում է «Հայոց աշխարհ»-ը եւ պատասխանում. - «Մեր հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում, եթե ճգնաժամ ասելով հասկանանք բարդ, անցումային, անկայուն վիճակը։ Քաղաքական, ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում մշտական բարեփոխումները առայժմ չեն հանգեցնում ռազմավարական կարեւորագույն խնդիրների լուծման, եւ ճգնաժամը չի հաղթահարվում։ Ցավոք, իրական ապագայի մասին պատկերացում. ո՜չ մոտակա, ո՜չ էլ հեռավոր, հասարակության մեջ գոյություն չունի։ Դրա համար էլ մեզանում գերակշռում է սոցիալական հոռետեսությունը, սեփական ուժերի եւ հնարավորությունների հանդեպ անվստահությունը։ Եւ, որպես հետեւանք, մշտապես կրճատվում են սոցիալական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ ռեսուրսները։ Ակտիվ քաղաքացիների նույնիսկ ոչ մեծ խումբը կարող էր հասարակությանն օգտակար փոփոխությունների հասնել հայրենակիցների գիտակցության եւ պահվածքի մեջ, նույնիսկ պետության անտարբերության դեպքում։ Բայց առայժմ անհասկանալի է, թե ո՞ր խմբերը կարող են ակտիվություն դրսեւորել, ո՞վ է ի վիճակի մշակել ու իրականացնել երկրի զարգացման իրական ռազմավարությունը։ Երկրում ինչ-որ բան փոխելու բավարար ուժեղ դրդապատճառներ ակտիվ քաղաքացիները չունեն»։

«Հայք»-ը գրում է. - «Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Դավթյանը խորհրդարանում հայտարարեց, որ բյուջեի վերաբերյալ Դաշնակցության առաջարկները չեն ընդունվել, քանի որ Դաշնակցությունը գործում է որպես ընդդիմություն։ Այս հայտարարությունը այդպես էլ մնաց, Տիգրան Դավթյանը պաշտոնանկ չարվեց։ Իսկ եթե պաշտոնանկ չարվեց՝ ուրեմն նա կատարել է վարչախմբի հանձնարարականը։ Վարչախումբն ի լուր աշխարհի ասում է, թե անկախ նրանից ընդդիմությունը ի՞նչ է ասում, դրանք չեն կարող հաշվի առնվել։ Այլ կերպ ասած՝ վարչախումբը գործում է խաղի բոլորովին այլ կանոններով, որոնք չեն տեղավորվում ժողովրդավարական պետության շրջանակներում։ Նույն այդ սկզբունքներով էլ տեղի են ունենում դատական գործընթացները։ Ընդդիմության ներկայացուցիչներին դատում են եւ զրկում ազատությունից՝ չունենալով որեւէ հիմնավոր ապացույց, եւ եթե արդարադատության նախարարը Տիգրան Դավթյանի օրինակին հետեւի, ապա մի օր էլ խորհրդարանում կհայտարարի, թե Աշոտ Մանուկյանը ճաղավանդակի ետեւում է, քանի որ ՀՀՇ վարչության անդամ է, Նիկոլ Փաշինյանին դատում են, քանի որ ընդդիմադիր եւ անկախ թերթի խմբագիր է։ Համապատասխան ոլորտի ներկայացուցիչն էլ մի օր հանգիստ կարող է Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ շաքարավազի կամ շաքարի գործարան կարող են կառուցել միայն վարչախմբին ծառայող օլիգարխները։ Եթե Դավթյանը նման հայտարարություն է անում, ինչո՞ւ չանկեղծանան մյուս նախարարները»։

«Առավոտ»-ը գրում է. - «Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում։ Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյաններում արձանագրելն է։ Մեկ այլ դրսեւորումը՝ Ազգյաին ժողովի շենքից դուրս գալուց հետո եւս պայուսակները ստուգելն է. թերեւս զգուշանում են, որ զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութեր դուրս կբերվեն խորհրդարանից։ Եվ վերջապես ամենաարտառոցը՝ անցագրային կետում փակցված է մի գրություն, ըստ որի Ազգային ժողովի նախագահի այցելուներից հարկ է վերցնել բջջային հեռախոսները, տեսախցիկները, լուսանկարչական սարքերը եւ ձայնագրիչները, եւ բացառություն է արված Անվտանգության խորհրդի անդամների, մարզպետների ու նախարարների համար։ Ըստ այդմ, ենթադրվում է, թե Անվտանգության խորհրդի որեւէ անդամ կարող է Հովիկ Աբրահամյանի մոտ մտնել տեսախցիկով եւ ձայնագրիչո՞վ»։