Մինսկի խմբի միջնորդները հույս ունեն Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել հաջորդ տարի

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (աջից), Յուրի Մերզլյակովը (կենտրոնում) եւ Բեռնար Ֆասիեն

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, թե հույս ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել 2010 թվականի ընթացքում։
Հհամանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) դեկտեմբերի 11-ին այցելել են Բաքու, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են Մյունխենում նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցություններում բարձրացված հարցերի մանրամասները։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, որպես քննարկումների հաջորդ քայլ միջնորդները պատրաստվում են հունվարի սկզբին այցելել Երեւան։

«Այս այցելությունները ճանապարհ կհարթեն երկու նախագահների միջեւ 2010 թվականին կայանալիք հետագա հանդիպումների համար, որոնց արդյունքում վերջնական տեսքի կբերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական Trend գործակալությանը ասել էր, թե շաբաթավերջին եռանախագահները այցելելու են տարածաշրջան` կողմերի հետ Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով, եւ տեղեկացրել էր, որ այցի ընթացքում համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկություն են անելու նոր հանդիպման վերաբերյալ, որը կարող է կայանալ 2010 թվականի սկզբին։