Դեկտեմբերի 11-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Ոնց էլ պտտում, ֆռցնում, ծռում ենք` Լեռնային Ղարաբաղի հարցը հայտնվել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման բանալու դերում: Եվ Էրդողանի ամերիկյան այցի ամենատխուր արդյունքը այն էր, որ նա հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ ժամկետներ գոյություն ունեն, ողջամիտ ժամկետներ: Ուշագրավն այն է, որ եթե մինչեւ օրս որեւէ մեկը որեւէ ժամկետի մասին խոսում էր, ապա միայն` հայ - թուրքական սահմանի բացման ժամկետների, ողջամիտ ժամկետների մասին: Հիմա, փաստորեն, խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ողջամիտ ժամկետների մասին, որից հետո արդեն` կսպառվի հայ - թուրքական սահմանի բացման ողջամիտ ժամկետը: Իսկ մինչ այդ, փաստորեն, հայ - թուրքական սահմանի բացման ողջամիտ ժամկետը կասեցվել է, այլապես Էրդողանը, հատկապես` Օբամայի հետ հանդիպումից հետո, նման ինքնավստահ հայտարարություններ չէր անի: Պրոբլեմն այն է, որ մեր իշխանությունները այլեւս կորցրել են վերահսկողությունը պրոցեսի նկատմամբ, եւ նրանք հերքում են բաներ, որոնց մասին տեղեկանում են մամուլից, խոսում են հարցերի մասին, որոնց լուծումը վաղուց դուրս է իրենց հասանելիության ոլորտից: Հայաստանի իշխանությունը հիմա անկյուն քշվածի է նման եւ իր հետ անկյուն է քշել Հայաստանի Հանրապետությունը, մեզ բոլորիս»:

«Հայոց Աշխարհ»-ը այլ մեկնաբանություն ունի նույն զարգացումներին: Թերթը գրում է. - «Կարելի է ասել, Հայաստանը «դեղին քարտ» ցույց տվեց ու վերջին «բանավոր նախազգուշացումն» արեց Թուրքիային, որի բարձրաստիճան ներկայացուցիչ Էրդողանը երկու հարեւան պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացում համառորեն «խաղում» է առանց կանոնների։ Եթե Թուրքիան չվերանայի իր նախապայմանային մոտեցումները եւ շարունակի Բաքվի առոգանությամբ նույն հռետորաբանությունը, ապա` ա) կտապալի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը, կրելով դրա ողջ պատասխանատվությունը, բ) Հայաստանը նույնպես կառաջադրի իր շատ ավելի հիմնավոր, ի դեպ, ոչ թե երրորդ երկրի հարաբերություններով պայմանավորված, այլ հե'նց Թուրքիային առնչվող նախապայմանները, որոնք մեկը, երկուսը չեն, եւ որոնցից առաջինը, անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչումն է, գ) նախապայմաններից բացի, Հայաստանն իր դիվանագիտական «զինանոցում» ունի ոչ պակաս ազդեցիկ հակաքայլեր, որոնց շարքում արձանագրությունները չեղյալ հայտարարելն ընդամենը թեթեւ «կսմիթ» կարելի է համարել, քանզի՝ դ) Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացով պայմանավորված, էապես մեծացել է հայկական Սփյուռքի ակտիվությունը, զուգահեռ՝ նկատելիորեն ավելացել է միջազգային հանրության ուշադրությունը Հայկական հարցին, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման համար շատ ավելի բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել»։

Իսկ «Ազգ»-ը տեղեկացնում է, որ մինչ ամփոփվում էին վարչապետ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարած այցելության արդյունքները, հրաժարական է տվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: «Թերեւս այս հրաժարականը կարելի է համարել այցի գլխավոր արդյունքը: Դեսպան Շենսոյի հրաժարականի մասին երեկվա համարում նշել է «Զամանը», տեղեկացնելով, որ նա Թուրքիայի վարչապետին ԱՄՆ-ից Մեքսիկա ուղեւորելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Անկարա, եւ դիմումն ընդունվել է: Ո՞րն է հրաժարականի պատճառը: Պարզվում է, Անկարան սպասում էր, որ Օբամա - Էրդողան երկկողմ հանդիպմանը կմասնակցեն նաեւ պետքարտուղար Քլինթոնն ու արտգործնախարար Դավութօղլուն: Սակայն, երբ Էրդողանը հայտնվում է Սպիտակ տանը, այնտեղ թուրքական կողմը կանգնում է փաստի առջեւ: Դրա հետ, ինչ խոսք, պարզվում է, որ նախագահ Օբամայի հետ վարչապետ Էրդողանի հանդիպումը արտգործնախարարների մասնակցությամբ կազմակերպելու թուրքական կողմի պահանջը չի հաղորդվել ամերիկյան կողմին», - գրում է թերթը:

Lragir.am-ը վերլուծում է Ազգային ժողովում երեկվա ընդհարումը հանրապետականների եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ` գրելով. - «Ինչպես ցույց է տվել Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը, նա խաղադրույքը կատարում է ամբողջի վրա, համենայն դեպս գոնե մինչեւ հիմա` 2007 թվականին Սերժ Սարգսյանը բացարձակ մեծամասնություն վերցրեց խորհրդարանում, 2008 թվականին նա գնաց նախագահի միափուլ ընտրության: Ճիշտ է, այդ ընտրություններից հետո նա իշխանությունը կիսեց մի քանի կուսակցության միջեւ, բայց դա ներկայացրեց որպես ոչ թե քաղաքական անհրաժեշտություն, այլ ՀՀԿ-ական մեծահոգություն: Իսկ 2009 թվականի քաղաքապետի ընտրությանը Սերժ Սարգսյանը տոնելով հերթական բացարձակ «հաղթանակը», այն արդեն որեւէ մեկի հետ չկիսեց: Բնական է, որ այդ իրողությունից ամենից շատ պետք է լարվեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ նա իշխանության մեջ երկրորդն է, իսկ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավական երկար ժամանակ առաջինն էր հայաստանցի կապիտալիստների շրջանում, քանի որ բոլորին էր հայտնի թե' նրա նյութական հնարավորությունների, եւ թե' առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի հետ անձնական մտերմության մասին: Բայց Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չէ, իսկ Սերժ Սարգսյանն անձնապես ավելի մտերիմ մարդիկ ունի, որոնց ավելի շատ կվստահի»:

Շվեդիայում գտնվող ՀԺԿ-ի նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը «Առավոտ»-ին հայտնել է, որ երեկ հանդիպել է Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգին: «Զրույցը տեւեց 1 ժամից ավելի: Խոսքը հիմնականում Հայաստանի այժմ արդեն 15 քաղբանտարկյալների մասին էր», - տեղեկացրել է Խաչատուրյանը: Նա Համմարբերգին է փոխանցել փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների հատուկ կարծիքը եւ լրագրողների նկատմամբ ոտնձգությունների ցուցակը, խնդրել է նաեւ ուշադրություն դարձնել 5 փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումներին: «Անշուշտ, ասվեց նաեւ 10 զոհերի մեղավորների չբացահայտման մասին: Համմարբերգն ասաց, թե այդ հարցը փակված չէ», - «Առավոտ»-ին հաղորդել է ՀԺԿ-ի նախկին խոսնակը: