Եվրամիություն. «Հայաստանում կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, սակայն դա բնական է»

«Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրամիության հետ երկխոսությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան խնդիրներ, սակայն, դա բնական է, քանի որ խնդիրներ կան բոլոր երկրներում: Այստեղ կարեւորը հայկական կողմի քաղաքական կամքն է, որպեսզի հասցեագրի այդ խնդիրները եւ փոխի իրավիճակը», - հինգշաբթի Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

«Կլոր սեղանի» ժամանակ հնչեցրած իր ելույթում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված թերությունները մնում են հատկապես քաղաքական եւ տնտեսական համակարգերում:

«Իշխանության մոտեցումը փոխվել է, բայց համակարգերի փոփոխություն չկա, այսինքն՝ որոշակի առաջընթաց կա միայն մարդկային գործոնի տեսակետից», - նշեց Օմբուդսմենը շեշտելով, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե օրենքները «գոնե 70%-ով գործեն»:

Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներից հետո Եվրամիության գործադիր թեւի՝ Եվրահանձնաժողովի արտաքին կապերի տնօրինության մարդու իրավունքների վարչության ղեկավար Ռոլֆ Թիմոնսի մոտ կարծիք է ձեւավորվել, որ Հայաստանը «մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության ապահովման, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Իսկ Եվրամիությունում նախագահող երկրի` Շվեդիայի մարդու իրավունքների դեսպան Յան Նորդլանդերն իր ելույթում ակնարկեց, որ չի կարող լինել ժողովրդավարություն, առանց մարդու իրավունքների եւ մարդու իրավունքներն անհնար է պատկերացնել առանց ժողովրդավարության:

Ընդդիմադիրները բողոքի երթ են անցկացնում


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մարդու իրավունքների օրվա առիթով այսօր երթ էր կազմակերպել Երեւանի կենտրոնում։ Միջոցառման մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, թե Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն:

Your browser doesn’t support HTML5

Պահանջում են հարգել մարդու իրավունքները


«Հայաստանում սահմանափակ են մեր բոլոր իրավունքներ՝ սկսած աշխատանքի իրավունքից, մինչեւ հանգիստ, խաղաղ ապրելու հնարավորություն», - ասաց Նինա Բալաբեկյանը, ով Աջափնյակ համայնքում նախակրթարանի տնօրեն է աշխատել մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները։

«Ես եղել եմ ընտրական հանձնաժողովի նախագահ։ Իմ տեղամասում գերակշռել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Դրանից հետո ասել են, որ այդ տեղամասում քո ազգականներն էին ընտրում, դու էիր պատասխանատու, քո բարեկամները ընտրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, դու իրավունք չունես աշխատելու», - պատմեց տիկին Բալաբեկյանը՝ կոնկրետացնելով. - «Ասել է Աջափնյակ համայնքի ղեկավար պարոն Ռուբեն Հովսեփյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում անցյալ տարվա համեմատ զգալի նվազել է. - «Ես ուզում եմ մաղթել, որ մյուս տարի դեկտեմբերի 10-ին մենք լինենք իշխանության, բայց միեւնույնն է, ցանկանում եմ, որ այդ օրը նորից մարդաշատ լինի այս հրապարակում, եւ նորից հզոր բողոքի երթ կազմակերպվի։ Կանենք մենք, թե ուրիշները՝ կարեւոր չէ»։

Ընդդիմադիրների միջոցառմանը հետեւում էին մի քանի տասնյակ ոստիկաններ: Երթի ընթացքում միայն մի փոքր միջադեպ եղավ՝ թեթեւ բախում ոստիկանների հետ, իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ հանգիստ էր։ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը համարում է, որ հասարակությունը մարդու իրավունքներից Հայաստանում դժգոհելու առիթներ չունի:

Ակցիայի մասնակիցները Սարյանի արձանի մոտից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի գրասենյակներ, այնուհետեւ կառավարության շենքի մոտով հասան մինչեւ Հյուսիսային պողոտա: