Իզմիրում բացվող տուրիզմի ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանը

Իզմիրում հինգշաբթի օրը բացվող տուրիզմի ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Հայաստանը սեփական տաղավարն ունի զբոսաշրջության այս տոնավաճառում, որին առաջին անգամ է մասնակցում:
Տոնավաճառին մասնակցում են 430 ընկերություններ` 17 երկրներից: Հայաստանյան 6-հոգանոց պատվիրակության ղեկավարը Զբոսաշրջության ընկերակցության նախագահ Եղիշե Թանաշյանն է:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Թուրքիայի ճամփորդական գործակալությունների ընկերակցությունը եւ Իզմիրի մշակութային կապերի մի ընկերություն, հապավումով` ԻԶՖԱՇ:

ԻԶՖԱՇ-ի գլխավոր մենեջեր Դողան Իսլեյեն «Անադոլու» գործակալությանը ասել է, թե Հայաստանի մասնակցությունը կարեւոր քայլ է երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Նա հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը այցելելու է ցուցահանդես, կանգ է առնելու հայկական տաղավարում: «Սա Հայաստանին ուղղված ուղերձ կլինի մեր մասին, եւ մենք հույս ունենք նույնպես մասնակցել Հայաստանում կազմակերպվող զբոսաշրջության ցուցահանդեսներին», - հայտարարել է Իսլեյեն:

Իզմիրը Թուրքիայի երրորդ խոշոր քաղաքն է, ավելի քան 3 միլիոն բնակչություն ունի: Իզմիրի զբոսաշրջության ցուցահանդեսը ամենամյա է: Այս տարի այն տեւելու է երեք օր եւ ավարտվելու է դեկտեմբերի 13-ին: