Դեկտեմբերի 10-ի մամուլ

«Ի՞նչ ենք հասկանում մենք մարդու իրավունքներ ասելով», - հարցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողն ու պարզաբանում. - «Ավանդաբար այնպես է ստացվել, որ Հայաստանում «մարդու իրավունքներ» ասվածն ընկալվում է որպես ինչ-որ մութ ուժերի սադրանք, իբր` «դրսից» մեզ համար խորթ արժեքներ են ներմուծվում, ու մենք ստիպված նեք ձեւացնել, թե ընդունում ենք այդ արժեքները, մինչդեռ մեր ազգային ինքնությունն ընդվզում է այդ արժեքների դեմ»:

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երկու օր, երկու գիշեր Հայաստանում նշվող կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների միջազգային օրերը հետաքրքիր են այնքանով, որ ցույց են տալիս մարդկային երեսպաշտության եւ ցինիզմի ողջ խորությունը: Թվում է, թե պաշտոնյան, որը ստանում է հազար դոլար աշխատավարձ, սակայն տներ է կառուցել մեկ միլիոն արժողությամբ, կոռուպցիայի մասին խոսելուց պետք է գոնե մի քիչ կարմրի: Բայց երկարատեւ պետական ծառայությունն այդ մարդկանց դարձրել է հաստակաշի, անհավատ, անխիղճ: Եվ նրանք առանց աչքը թարթելու, առանց անգամ թեթեւակի կմկմալու ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի մասին»:

«Խնդիրը մեր մեջ է եւ ոչ թե մեզանից դուրս», - «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Վարդանյանը` անդրադառնալով կոռուպցիայի խնդիրներին: «Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ամենադժվար բացահայտվող հատվածը չինովնիկի եւ ներմուծողի սերտաճումն է», - ասել է պատգամավորը: - «Եթե թույլ տանք, որ ներմուծողները շարունակեն «ներմուծախեղդ» անել տնտեսությունը եւ խթանեն գործազրկության աճը, երկիրը կարող է հայտնվել տնտեսական եւ սոցիալական կոլապսի վիճակում: Իսկ մինչ այդ ցանկացած գիտակից քաղաքացի ամեն օր սպառելով ոչ թե ներմուծված, այլ հայրենական արտադրանք, իր լուման է ներդնում այն գործում, որ Հայաստանում չլինի գործազրկություն, չլինի ինֆլյացիա եւ մռայլ կանխատեսումները իրականություն չդառնան»։