Սասուն Միքայելյանը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն (նախկին Հանրապետական) հիվանդանոց։

Your browser doesn’t support HTML5

Սասուն Միքայելյանը տեղափոխվեց



Տեղափոխելիս նրան ուղեկցում էին համազգեստով եւ քաղացիական հագուստներով մեկ տասնյակից ավելի անձինք` արգելելով որեւէ շփում։ Միքայելյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր առողջական վիճակը լավ է։

«Իրենք են բերել, նախաձեռնությունը իրենցն է եղել», - իր տեղափոխվելու փաստը մեկնաբանեց նա։

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ Սասուն Միքայելյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկների եզրակացության հիմքով։

Արդարադատության նախարարությունը մինչ օրս հայտարարում էր, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» կան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ Սասուն Միքայելյանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Լանա Մշեցյանը այսօր ասաց, որ Սասուն Միքայելյանը տեղափոխվել է ժամանակավորապես, ամենայն հավանականությամբ` մի քանի օրով։ «Արմենիա» բժշկական կենտրոնում հետազոտություն անցնելուց հետո նա պետք է ենթարկվի մեկ ոչ բարդ վիրահատության։

Սասուն Միքայելյանի բուժող բժիշկ՝ Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Սասուն Միքայելյանը ունի շնչառական ուղիների պրոբլեմ։ Կոնկրետ քթի խոռոչի հետ կապված դժվարաշնչություն, քթի հարակից խոռոչում բորբոքային պրոցես, անհայտ ծագման գլխացավեր եւ քնած ժամանակ շնչառության կանգ»։

Բուժման գործընթացը, բժշկի կարծիքով, տեւելու է 2-ից 4 շաբաթ։

«Պատրաստվում ենք մանրակրկիտ հետազոտել՝ ի նկատի ունենալով սրտի պրոբլեմը. 70-ից ավելի բեկորները, որ ռազմի դաշտից մնացել են նրա օրգանիզմի բոլոր մասերում ոչ պակաս նեղություն են տալիս, եւ հիմնական միջամտությունը մեր պրոֆիլով լինելու է քթային շնչառությունը վերականգնող, բորբոքային պրոցեսը արմատահան անող եւ քնի մեջ կանգ առաջացման պրոցեսը կանխող վիրահատական միջամտություն», - մասնավորապես, ասաց Ավետիք Մինասյանը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը հունիսի 22-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով:

Առողջական վիճակի վատթարացման հետ կապված՝ սեպտեմբերի 12-ին Սասուն Միքայելյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Անցած ամիս Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկով էր հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նշելով, որ քրեակատարողական հիմնարկում չկան անհրաժեշտ պայմաններ Սասուն Միքայելյանի բուժումը կազմակերպելու համար։

Առողջական վիճակի վատթարացման պատճառով Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվում դեռ այն ժամանակ, երբ նա գտնվում էր նախնական կալանքի տակ։ Բազմաթիվ միջնորդություններ մերժվել են։