Մամեդյարովը լուծում է համարում Ղարաբաղին ինքնակառավարման իրավունք տրամադրելը

Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` այսօր ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի Աթենքում անցկացվող նիստում:

«Այս տարին հիշարժան դարձավ երկու կողմերի նախագահների միջեւ հանդիպումների ինտենսիվության եւ առայժմ չլուծված հարցերի շուրջ մանրամասն ու ամենայն խորությամբ ընթացած քննարկումների առումով», - հայտարարել է Մամեդյարովը` հավելելով. - «Ես պետք է ընդունեմ, որ դրական դինամիկա կա վերջին բանակցություններում, եւ երկու կողմերը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնել են արագացնել բանակցությունները»:

«Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշումը եւ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ ու համագործակցված համակեցության կողմնակից է: Սա հիմք կստեղծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման: Եվ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: Այն նաեւ կարող է զգալիորեն նվազեցնել լարվածությունը եւ մարտահրավերները տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Մենք Ադրբեջանում հաստատակամորեն հավատում ենք, որ հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից հաստատագրված ժամկետներում հսկայական հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար` ապահովելով կանխատեսելիության, զարգացման եւ յուրաքանչյուրի եւ ողջ տարածաշրջանի համար այլ նպաստավոր միջավայր», - ամփոփել է իր խոսքը Էլմար Մամեդյարովը: