Ֆրանսահայ ռեժիսորը Թուրքիայում ներկայացրել է իր նկարահանած ֆիլմը

Սերժ Ավետիքյան, Երեւան, 27 նոյեմբերի, 2009

Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը վերջերս Թուրքիայում փակ ցուցադրությամբ ներկայացրել է իր նկարահանած ֆրանս - թուրքական համատեղ «Անիծված կղզի» կարճամետրաժ ֆիլմը:
Անցած շաբաթավերջին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիքյանը պատմեց, որ դա իրական պատմություն է 1910 թվականին Ստամբուլում ավելի քան 30 հազար շների ոչնչացման մասին` երիտթուրքական կառավարության հրամանով. - «Երբ նոր իշխանության եկած «երիտասարդ թուրքերը» որոշեցին վերաջնջել 30 հազար շուն, որովհետեւ այդ քաղաքում կային 80-100 հազար շներ»:

«Չպետք է մոռանալ, որ 1909 թվականին` վեց ամիս առաջ, Ադանայի ջարդերն էին եղել հայերի դեմ, որտեղ եւս 30 հազար հայեր էին կոտորվել եւս «երիտասարդ թուրքերի» կողմից», - ընդգծեց ֆրանսահայ ռեժիսորը:

Հարցին` արդյոք ֆիլմում ներկայացվա՞ծ է նաեւ այդ փաստը` Ադանայի ջարդը, Ավետիքյանը արձագանքեց. - «Ոչ, ես ֆիլմում գենոցիդի մասին ոչ մի ձեւով չեմ խոսում ուղղակի, որովհետեւ ինձ համար շատ հետաքրքիր է պատմել այսօր այն, ինչ թուրքերը չեն կարողանում պատմել իրենց պատմության կողմից, եւ ես գիտեմ, որ իրենք պատմելու են մեր պատմությունը, ոչ թե մենք: Սա է մեր ապագան»:

Իսկ թե ինչու է ֆիլմը փակ ցուցադրությամբ ներկայացվել Ստամբուլում, այսինքն` միայն հրավիրյալների համար, ֆրանսահայ արվեստագետը պարզաբանեց. - «Ես հասկացա, որ կան այսպիսի թեմաներ` խփում են ուղղակի իրենց ե'ւ հոգուն, ե'ւ սրտին, ե'ւ ուղեղին, այն առումով, որ սփյուռքահայ ռեժիսոր է այսպիսի թեմային մոտենում, ոչ թե իրենց ռեժիսորները, որովհետեւ այսպիսի պատմությունները փակ են, ինչպես որ գենոցիդի պատմությունն է եղել փակ իրենց համար` դպրոցներում, համալսարաններում եւ այլն: Այս ֆիլմը ցուցադրվելու է այդ բոլոր միջավայրերում, ուսումնասիրվելու է»:

Ֆիլմի ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ Ստամբուլում եւ Դիարբեքիրում Սերժ Ավետիքյանի բեմադրությամբ ներկայացվել է ֆրանսահայ Ժերար Թորիկյանի պիեսը, որում, Ավետիքյանի փոխանցմամբ, ուղղակի խոսվում է Ցեղասպանության մասին, բայց՝ գրոտեսկային առումով, գրոտեսկային կերպարներով:

Նրա խոսքով, Դիարբեքիրում ներկայացումը դիտել են միայն քրդերը, իսկ ահա Ստամբուլում՝ հիմնականում թուրք մտավորականները: Լայն արձագանքներ են եղել մամուլում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ՝ Սերժ Ավետիքյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ այս պրոտոկոլը չի ստորագրվելու, եւ դա չի մտնում այն պրոցեսի մեջ, որ մտավորականները եւ ստեղծագործողները որոշել են կապվել միասին եւ աշխատել: Ես իմ օրինակն եմ վերցնում, բայց իմ պես ուրիշ մարդիկ էլ կան, որ գնում ենք հաճախակի Թուրքիա՝ ֆիլմեր ցույց տալու, հենց ուղղակի [այն] թեմաներով, որոնք մեզ են պատկանում, դեբատներ անելու, շփվելու եւ այլն: Կարծում եմ, որ սա շարունակվելու է: Եվ այստեղ կա շատ հետաքրքիր մի պրոցես, որ եռանկյունիի հարցն է կարեւորը: Կարեւորն է՝ Սփյուռք, Թուրքիա եւ Հայաստան: Եթե այս եռանկյունին ստացվեց՝ ստեղծագործական առումով, մտավորականների շփումներով, դա պրոտոկոլից ավելի մեծ բան է»: