Ռազմիկ Զոհրաբյան. «Ճգնաժամը նաեւ հայերի գրպանին է կպել»

Ղարաբաղ -- Պատերազմից խալխլված տուն Շուշիում, արխիվ

Նոյեմբերի 26-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհասփյուռ հայությանը կոչ արեց ոչինչ չխնայել Շուշիի համար եւ շռայլորեն մասնակցել հանգանակությանը, այդ կերպ աշխարհին ցույց տալով, որ Սփյուռքն ու Հայաստանը պառակտված չեն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը այս անգամ անցկացվեց «Մեր Շուշին» կարգախոսով, եւ հանգանակված գումարը տրամադրվելու է Շուշիի վերականգնման ծրագրին։ Այս տարի հեռուստամարաթոնի արդյունքում խոստացված եւ կատարված նվիրատվությունների գումարը՝ մոտ 16 միլիոն դոլար, ավելի քան կրկնակի անգամ պակաս էր 2008 թվականին արձանագրված 35 միլիոն ցուցանիշից։ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս հանգամանքը պատճառաբանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
«Ճգնաժամը նաեւ հայերի գրպանին է կպել. թե՛ գործարարների, թե՛ շարքային քաղաքացու։ Այնպես որ, այս տարի համարյա թե 50 տոկոսով պակաս եղավ, եւ դա ես կարող եմ զուտ պատճառաբանել համաշխարհային տնտեսական ճգնաժամով», - մասնավորապես, ասաց Զոհրաբյանը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը իր բյուջեից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել ընդամենը 3,5 կես միլիոն դրամ։

«Գուցե տնտեսական ճգնաժամանը նաեւ մեր կուսակցության վրա է ազդել», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը՝ իրենց նվիրատվությունը որակելով «համեստ» բառով։

Թե որքան գումար հատկացրել հիմնադրամին խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտնի չէ։ Նրա մամուլի խոսնակը փոխանցեց, որ Ծառուկյանը անձնական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում եւ Հայաստան կվերադառնա 10 օրից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից նույնպես դժվարացան ասել, թե հայաստանցի խոշոր գործարարները որքան գումար են փոխանցել հիմնադրամին՝ խոստանալով առաջիկայում տեղեկություններ տրամադրել։

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը հիմնականում համաձայն է, որ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարը նախորդ տարվա համեմատ ավելի պակաս է, որովհետեւ տնտեսական ճգնաժամը հարվածել է բոլորի գրպանին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյան
Մանոյանի կարծիքով, սակայն, այլ գործոններ նույնպես ազդեցություն ունեցել են, այդ թվում՝ հայ-թուրքական արձանագրությունները, թեեւ Դաշնակցությունը կոչ էր արել իր համակիրներին անպայման մասնակցել հանգանակությանը՝ անկախ գոյություն ունեցող տարաձայնություններից:

«Բայց, ինչքան էլ ասվի, կարծում եմ ինչ-որ տեղ մարդկանց մոտ այս Հայաստան-Թուրքիա արձանագրությունների խնդիրը իր բացասական ազդեցությունն ունեցել է», - այդուհանդերձ, եզրակացրեց Կիրո Մանոյանը։