«Հեռուստամարաթոն - 2009»-ի արդյունքում` մոտ 16 միլիոն դոլար

Երեւանի ժամանակով ուրբաթ առավոտյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, որը այս անգամ անցկացվեց «Մեր Շուշին» կարգախոսով, եւ հանգանակված գումարը տրամադրվելու է Շուշիի վերականգնման ծրագրին: Նախնական տվյալներով` այս տարի խոստացված եւ կատարված նվիրատվությունների գումարը կազմում է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

«Հեռուստամարաթոն - 2008»-ը արձանագրել էր 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ:

«Մենք մեծ ուրախությամբ նշում ենք, որ արձանագրվել է 15 միլիոն 875 հազար 43 դոլարի նվիրատվությունների խոստում եւ կատարված նվիրատվություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հանրային կապերի բաժնից Արմեն Օհանյանը:

Հարցին, թե ո՞ր երկրներից է առավել մեծ մասնակցություն եղել դրամահավաքին, Օհանյանը պատասխանեց. - «Դրական առումով, գիտեք, շատ հետաքրքիր է` Եվրոպան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Ամերիկան գրեթե բալանսավորված ցուցանիշներով են այս տարի հանդես եկել: Օրինակ, եթե հաշվենք համաեվրոպական բոլոր դրամահավաքների արդյունքը, ապա կունենանք 4 միլիոն 50 հազար դոլարի կարգի թիվ: Մոսկվայում վերջերս կայացած դրամահավաք-ճաշկերույթի արդյունքը նույնպես այսօր հայտարարվեց` դա կազմել է 5 միլիոն 290 հազար դոլարի խոստումներ եւ արդեն իսկ կատարված նվիրատվություններ»:

Անցյալ տարվա համեմատ, ըստ Արմեն Օհանյանի, մասնակցությունը դրամահավաքին միանշանակ աճել է: «Համահայկական հիմնադրամի համար առավել կարեւոր է նվիրատուների բանակի հզորացումը: Այս առումով մենք միանշանակ առաջընթաց ենք արձանագրում, քանի որ մեր նվիրատուների քանակը ուղղակի կտրուկ աճել է», - ասաց «Հայաստան» հիմնադրամի հանրային կապերի բաժնի ներկայացուցիչը:

Այս տարվա հանգանակության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին Օհանյանը արձագանքեց. - «Չեմ կարծում. պահպանվել է հին նվիրատուների թիվը եւ ավելացել է նվիրատուների բանակը»:

Շատ է խոսվում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում որոշակի պառակտումների մասին: Արմեն Օհանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք դա որեւէ ազդեցություն թողե՞լ է այս տարի Սփյուռքից հանգանակվող գումարների վրա: Նա նշեց, որ հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս հայտարարություններով հանդես եկել է այդ առիթով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մասնավորապես, հայտարարելով. - «Այս տարվա դրամահավաքն ունի առանձնահատուկ համատեքստ: Ոչ միայն աշխարհի ողջ հայությունը, այլեւ միջազգային հանրությունը դեռ գտնվում են հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացների տպավորության տակ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ տպավորությունները հակասական են: Այսօր ե'ւ Հայաստանը, ե'ւ Սփյուռքը գտնվում են ուշադրության կենտրոնում: Ներկա մեր ամեն մի քայլը գնահատվում է ոչ միայն հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների կողմից, այլեւ մեր բարեկամների ու չարակամների կողմից: Մենք ապացուցելու բան ունենք ինչպես ինքներս մեզ, այնպես էլ ողջ աշխարհին»:

«Մենք պետք է ապացուցենք բոլորին, որ Հայրենիք - Սփյուռք պառակտում գոյություն չունի: Մենք նաեւ այս դրամահավաքով եւս մեկ անգամ պետք է ապացուցենք, որ Արցախը մերն է այսօր եւ մերն է լինելու մեկընդմիշտ: Պետք է հուսահատեցնենք բոլոր նրանց, ովքեր այս հարցում դեռ ինչ-ինչ ակնկալիքներ ունեն», - շեշտեց Հայաստանի նախագահը: