Հայաստանի տնտեսական անկման տեմպերը դանդաղել են

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի տնտեսական անկման տեմպերը դանդաղել են. այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում անկումը կազմել է 17.5 տոկոս։

Տնտեսության ամենամեծ անկումն արձանագրվել է այս տարվա հուլիսին` 18.5 տոկոս, եւ արդեն օգոստոսից արձանագրվել է աննշան աճ` ամսական 0.1 տոկոսի չափով: Չնայած տարեկան կտրվածքով անկման տեմպերը դանդաղել են, ամսական կտրվածքով արձանագրվել է վիճակի վատթարացում. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է ավելի քան 5-տոկոսանոց անկում, մինչդեռ սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրեթե նույնքան աճ էր եղել, իսկ ամսական աճը օգոստոսին կազմել էր 17 տոկոս:

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ շինարարության ոլորտում անկումը 19.1 տոկոս է եղել, թեեւ սեպտեմբերին շինարարության ծավալներն աճել էին ավելի քան 25 տոկոսով: Տարեկան կտրվածքով շինարարության ոլորտում արձանագրվել է 51.6 տոկոս անկում:

Ազգային վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով 31 տոկոսով կրճատվել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը` կազմելով 3 միլիարդ 220 միլիոն դոլար, ընդ որում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4.7 անգամ, իսկ առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար: