Երեւանում տեղի ունեցավ հայ-թուրքական համատեղ ֆիլմի պրեմիերան

Մարկետինգի հայկական ասոցիացիան եւ Անկարայում գործող Թուրք-հայկական գործարարության զարգացման կենտրոնը համատեղ նկարահանել են «Արաքսի ափին» ֆիլմը, որի պրեմիերան երեքշաբթի օրը տեղի ունեցավ Երեւանում՝ Մոսկվայի տանը:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում եւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատների աջակցությամբ։

Մինչեւ պրեմիերան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարկետինգի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արամ Նավասարդյանն ասաց, որ թուրքական կողմի հետ համատեղ ֆիլմ նկարահանալու ծրագիրը միտված է երկու երկրների հասարակություններին փոխադարձաբար ավելի ճանաչելի դարձնելուն: Հայկական ու թուրքական ստեղծագործական խմբերի նկարահանած կեսժամանոց ֆիլմը պատմում է այսօրվա Հայաստանի եւ Թուրքիայի մասին՝ թե' վավերագրական առումով, թե' գեղարվեստական շեշտադրումներով. - «Սա ուղղակի փոքրիկ քայլ է, որպեսզի հայ հասարակությունը եւ թուրք հասարակությունը շատ քիչ ճանաչեն միմյանց»:

Ֆիլմի սյուժետային կառուցվածքը հետեւյալն է. թուրքական կողմի ինժեներները պատրաստվում են Արաքսի վրա ջրամբար կառուցել եւ հարցումներով դիմում են հայկական կողմին: Թուրք ինժեներ Արասի եւ հայ ինժեներ Թամարի միջեւ ջերմ մարդկային փոխհարաբերություններ են ստեղծվում, որոնց շնորհիվ էլ նրանցից յուրաքանչյուրը փորձում է առավել լավ ճանաչել Արաքսի հակառակ կողմում գտնվող երկիրը:

«Պայմանավորվում են միմյանց ուղարկել որոշակի նկարահանումներ Արաքսի մասին, Հայաստանի մասին եւ այն մարդկանց մասին, ովքեր այսօր ապրում են Հայաստանում», - փոխանցեց Նավասարդյանը: - «Կան նաեւ հարցախույզներ Հայաստանում եւ Թուրքիայում՝ իրական հարցախույզներ: Շատ բաներ կան, որ մեր թուրք գործընկերները, ես կարծում էի, մի քիչ վերապահումով կընդունեին, բայց պետք է ասեմ, որ նրանք շատ տոլերանտ են գտնվել»:

Նա հավելեց, որ Ցեղասպանությանը վերաբերող հարցերին ֆիլմում անդրադարձ չի եղել:

Զրույցի վերջում Արամ Նավասարդյանը ասաց, որ իրենք պատրաստ են անվճար ֆիլմը տրամադրել հայաստանյան հեռուստաընկերություններին եւ կինոթատրոններին: