Մասնավոր բուհերի ուսանողները պահանջում են հավասար իրավունքներ

Ուսանողության միջազգային օրվան ընդաջառ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ասոցիացիայի անդամները երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացրին մասնավոր բուհերի հիմնախնդիրները:
Մասնավոր բուհերի ներկայացուցիչները, որպես կանոն, իրենց թերությունների մասին դժկամությամբ են խոսում, կամ էլ մեղքը բարդում են պետության վրա: Ավելի համարձակ են, պարզվում է, ուսանողները. ասոցիացիայի նախագահ Արմինե Բարսեղյանն անգամ ողջունում է բուհերին լիցենզիայից զրկելու գործընթացը. «Հնարավոր չէ, որ առանց հիմքի կասեցրած լինեն: Նույնիսկ շնորհակալ ենք նախարարությանը, քանի որ նման բուհերի պատճառով սեւ բիծ է դրվել բոլոր մասնավոր բուհերի վրա»:

Այս ասոցիացիան, որը պաշտպանում է մասնավոր բուհերի ուսանողների իրավունքները, օրինակ հարց է ուղղում այն կապակցությամբ, թե որտե±ղ են հայտնվում փակված բուհերի ուսանողները: Ասոցիացիայի փոխնախագահ Սյուզաննա Խալաթյանի համոզմամբ, «փակված բուհից էլի ընդունվում են չլիցենազավորված բուհ, եթե սա էլ է փակվում, ուսանողը հայտնվում է փողոցում»:

Մասնավոր բուհերը համառորեն չեն միանում ընդունելության քննությունների միասնական համակարգին` շարունակելով հարցազրույցով բուհ ընդունել միասնական քննությանը անբավարար ստացած ուսանողին: «Կրթության մասին» օրենքով մասնավորները կարող են միանալ ընդունելության միասնական կարգին: «Ռեկտորներն իրենք են հրաժարվել, ուրեմն ունեն խնդիրներ ուսանողության որակի հետ», - ասում է Արմինե Բարսեղյանը:

Բայց մյուս կողմից էլ ուսանողները հարց են բարձրացնում. «Եթե հանձնենք միասնական քննություն, կտա՞ն մեզ պետական նմուշի դիպլոմ»: Մինչդեռ այսօր, ասոցիացիայի ակտիվիստների խոսքով, մասնավորի շրջանավարտին չեն ընդունում պետական բուհի մագիստրատուրա կամ հայցորդության:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ասոցիացիան համախմբել է 13 մասնավոր բուհերի: ԿԳ նախկին նախարարի հետ հանդիպել են, իսկ Արմեն Աշոտյանը կընդունի ուսանողներին երեքշաբթի օրը. պետության հետ համագործակցելու առաջարկ են անելու: Ինչ վերաբերում է մասնավոր բուհերի ռեկտորներին, ապա պատմեցին, որ ոչ բոլորին է, դուր եկել ուսանողական այս նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրանց, «վախենում են բիզնեսից զրկվել»: