Հայազգի լրագրողը Թուրքիայում սպառնալիք պարունակող հարյուրավոր նամակներ է ստացել

Սեւան Նշանյան

Թուրքական «Թարաֆ»-ի լրագրող Սեւան Նշանյանը հոկտեմբերի 29-ին հրապարակած հոդվածից հետո իր ինտերնետային հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ պարունակող տեքստերով մոտ 800 նամակ է ստացել: Լրագրողը համարձակություն է ունեցել հրապարակել Աթաթուրքի պատգամներից մեկը՝ փոփոխված բովանդակությամբ:
Լրագրողն ասում է՝ որովհետեւ պատերազմ գնացող թուրք երիտասարդությանն ուղղված՝ Աթաթուրքի հանրահայտ պատգամը («Ամենակարեւորը թուրք լինելն է») որոշել է փոփոխել՝ գրելով. - «Ամենակարեւորը մարդ լինելն է»:

Հոդվածի հենց այս տողն է, որ Թուրքիայում այս օրերին բավական հակասական արձագանքներ է առաջացրել:

«Շատ թերթեր վերցրին հոդվածս, այն վերատպեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեւան Նշանյանը; - «Շատերին էլ հոդվածս սադրանք թվաց»:

Հարցին, թե անանո՞ւն են արդյոք իրեն ուղղված սպառնալիքները, Նշանյանը պատասխանեց. - «Հնարավոր է բոլորին էլ գտնել, որովհետեւ էլեկտրոնային փոստով են եկել»:

Նա ասաց, որ նամակներում պարունակվող սպառնալիքների կապակցության դիմել է ոստիկանություն. - «Ոստիկանությունը շատ բարյացակամությամբ մոտեցավ եւ օգնեց ինձ»:

«Թարաֆ»-ի՝ երկու օր առաջ լույս տեսած համարում Սեւան Նշանյանը զետեղել է իրեն ուղղված սպառնալիքներից մի քանիսը: Դրանցից մեկում գրված է. - «Ես քեզ կսպանեմ, ինչպես Հրանտ Դինքին սպանեցին»:

«Մենք կստիպենք քեզ գրել Աթաթուրքի՝ երիտասարդությանն ուղղված ճիշտ տարբերակը՝ քո իսկ արյամբ», - սպառնում է մեկ այլ արձագանքի հեղինակը:

Ստացված նամակների հիմնական մասը, սակայն, հրապարակման ենթակա չեն, քանի որ կոպիտ հայհոյանքներ են պարունակում:

Հարցին, թե պատրաստ է արդյոք թուրք ժողովուրդը Թուրքիայի կառավարության կողմից այսօր բարձրաձայնվող բարեփոխումներին, Նշանյանը պատասխանեց. - «Ժողովուրդի մեծ մասը պատրաստ է: Երկրում կան մեծ փոփոխություններ»: