Արտարժութային ներխուժումների առումով Հայաստանը չի գերազանցել ԱՄՀ-ի չափանիշները

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Նինկե Օմեսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ֆինանսական շուկայում արտարժութային ներխուժումներ կատարելու առումով Հայաստանի կառավարությունն առայժմ մնացել է ԱՄՀ-ի մշակած չափանիշների սահմաններում։
Օմեսը, սակայն, հավելեց, որ եթե ներխուժումները շարունակվեն վերջին երկու շաբաթվա տեմպերով, ապա կառավարությունը խնդիր կունենա վարկերի հետագա չափաբաժինները ստանալու հարցում:

Օմեսն այս հարցին անդրադարձավ՝ ի պատասխան հարցին, թե վերջին օրերին Հայաստանի կենտրոնական բանկը իր բոլորովին վերջերս ԱՄՀ-ի կողմից համալրված պահուստներից դարձյալ ավելի քան 20 միլիոն դոլար է նետել շուկա` հարկադրաբար դրամի արժեզրկումը զսպելու համար։

Օմեսն, այնուամենայնիվ, նշեց, որ ԱՄՀ-ն, խրախուսելով հանդերձ դրամի փոխարժեքի լողացող սկզբունքը, դեմ չէ որոշակի` ոչ մեծ տիրույթների շրջանակում փոխարժեքի կառավարմանը։

«Դա անհրաժեշտ է օրվա կտրվածքով անցանկալի` տնտեսության համար վնասակար տատանումների հարթման համար», - ասաց նա` հավելելով, որ դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի այսօրվա` մոտ 388-ի հասնող փոխարժեքy, ըստ էության, «ճշգրիտ եւ ճնշումների չենթարկված թիվ է»։

Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը Նինկե Օմեսի հայտարարությունների կապակցությամբ նշեց, թե այստեղ «որոշակի թյուրըմբռնում կա»։ Գաբրիելյանի խոսքով, Հայաստանն ամբողջությամբ գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած հայտանիշների շրջանակում. - «Տիկին Օմեսը բացատրել է, որ ընդհանրապես Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերը, որոնք իրականացվում են որեւէ երկրում, միշտ ունեն որոշակի հայտանիշ: Կա զուտ արտաքին ակտիվների չափանիշը, որը այն մինիմում արտաքին պահուստների քանակն է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա: Տիկին Օմեսը պատասխանել է այդ հարցին, որ կա արտաքին պահուստների այդ պաշարը, որ ցանկացած երկիր, որը իրականացնում է ծրագիր ԱՄՀ-ի հետ, ունի: Բնականաբար, քանի որ մենք ունենք ծրագիր ԱՄՀ-ի հետ, մենք նույնպես ունենք: Տեսականորեն, եթե որեւէ երկիր դրանից ներքեւ է իջնում, ապա դա քննարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամում… Հայաստանի Հանրապետությունը ունի բավականաչափ պահուստներ՝ հարյուրավոր միլիոնների՝ մինչեւ հասնելու այդ պահուստի մակարդակին»:

Ընթացիկ տարվա մարտին նախորդած ընդամենը 4 ամիսների ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկն իր միջազգային պահուստներից, դրամի արժեզրկումը զսպելու նպատակով, կատարել էր աննախադեպ ծավալի` մոտ 700 միլիոն դոլարի ներխուժում։ Այս տարի ԱՄՀ-ից արդեն իսկ ստացված մոտ 480 միլիոն դոլարի վարկի մեծ մասն ուղղվել է Հայաստանի կենտրոնական բանկի պահուստների համալրմանը։

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչն այսօր հայտարարեց, որ առաջիկա օրերին հիմնադրամը կհրապարակի Հայաստանի տնտեսության հիմնական ցուցանիշներին վերաբերող նոր զեկույց։

Իսկ առայժմ Օմեսը լրագրողներին ներկայացրեց այս տարվա առաջին 9 ամիսներին եւ առաջիկա մի քանի տարիներին առնչվող որոշ տվյալներ։ Այսպես. հիմնադրամի ներկայացուցչի խոսքերով, թեեւ այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՆԱ-ի անկումը կազմել է 18,3 տոկոս, այդուհանդերձ, վերջին` կարճաժամկետ հատվածներում գրանցվող միտումն արդեն դրական է: Ըստ այդմ՝ սեպտեմբերին տնտեսությունն արձանագրել է 1,7 տոկոսի աճ։

«Սա նշանակում է, որ չնայած մեծ անկմանը, տնտեսությունն արդեն սկսել է աճել, եւ մենք հույս ունենք, որ այդ միտումը կշարունակվի, եւ Հայաստանը տարին կփակի մոտ 15, 5 տոկոսի անկման ցուցանիշով՝ այս պահի 18,3 տոկոսի փոխարեն», - ասաց նա։

Օմեսը ներկայացրեց գալիք մի քանի տարիների կտրվածքով Հայաստանի ՀՆԱ-ի աճի հետեւյալ կանխատեսումները. 2011-ին աճը կկազմի 3, 2012-ին՝ 3, 5, 2013-ին՝ 4 եւ 2014-ին` 4, 5 տոկոս։

«Սա աստիճանական աճ է, եւ մենք այլեւս չենք ակնկալում, որ Հայաստանի տնտեսությունը աճը կդրսեւորվի երկնիշ թվերով», - հավելեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսության կառուցվածքն ինքնին թերի չէ՝ հաշվի առնելով, որ ցայժմ եղած աճը պայմանավորված է եղել, ըստ էության, չվերարտադրող եւ զարգացում չենթադրող ոլորտով` շինարարությամբ, Նինկե Օմեսը պատասխանեց, թե նման վիճակի համար, ի շարս սուբյեկտիվ գործոնների, առկա են նաեւ օբյեկտիվ գործոններ։

Ըստ նրա, վերջին տարիներին արտերկրից տրանսֆերտների տեսքով Հայաստան են ներհոսել մեծ գումարներ, որոնց զգալի մասն ուղղվել է տվյալ պահի ամենաեկամտաբեր ոլորտները` շինարարություն ու անշարժ գույքի շուկա։ Այս հատվածում կատարվել են նաեւ մեծ ծավալի արտասահմանյան ներդրումներ։ Որպես հետեւանք՝ կտրուկ մեծացել է անշարժ գույքի պահանջարկը, ինչն էլ, իր հերթին, զարկ է տվել նորանոր շենքերի կառուցմանը։ Այժմ տրանսֆերտները նվազել են, մեծացել է անշարժ գույքի առաջարկը, ինչն էլ հանգեցրել է հակառակ էֆեկտի։