Օբամայի կարծիքով, Իրանի ներքին քաղաքական իրավիճակը բարդացնում է այդ երկրի հետ միջուկային համաձայնության կնքումը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի իշխանությունները «քաղաքականապես բավարար կայուն վիճակում չեն», ինչը Թեհրանին զրկում է աշխարհի զարգացած երկրների հետ միջուկային համաձայնություն ձեռք բերելու հարցում վստահ քայլեր ձեռնարկելու հնարավորությունից։

«Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում Օբաման ասել է, որ թեեւ Թեհրանը դեռեւս համաձայնություն չի տվել ներկայացված առաջարկներին, Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը հաստատակամ են այդ առաջարկներին իրենց աջակցության հարցում։

Հոկտեմբերին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ներկայացված առաջարկները Իրանին կոչ են անում իր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի 75 տոկոսը փոխանցել Ռուսաստանին՝ հետագա հարստացման համար, որից հետո այն տեղափոխվելու է Ֆրանսիա՝ միջուկային ռեակտորի վառելիք ստանալու համար եւ այդ տեսքով կվերադարձվի Իրանին՝ խաղաղ նպատակներով օգտագործելու։

Օբաման կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան «արդարացի» պահանջներ եւ առաջարկներ են ներկայացրել Իրանին, ինչը Թեհրանին հնարավորություն կտա շարունակել իրագործել քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը։