ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները այցելեցին Երեւան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցելության շրջանակներում նոյեմբերի 6-ին հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Առավոտյան միջնորդները նախ կարճատեւ հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո եռանախագահներին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Միջնորդները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են նաեւ Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

«Մենք գտնվում ենք գետի` այցի մեջտեղում», - Հայաստանի նախագահի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

Նրա ռուսաստանցի գործընկեր Յուրի Մերզլյակովը հավելեց. -«Այո, հենց այսօր վերադառնալու ենք Բաքու։ Այդ պատճառով էլ, ասելով, որ գետի մեջտեղում ենք, պարոն Ֆասիեն նկատի ուներ ոչ-թե բանակցային գործընթացը, այլ մեր այս այցելությունը տարածաշրջան»։

Յուրի Մերզլյակովը հաստատեց տեղեկատվությունը, որ եռանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացնել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման ժամկետի եւ վայրի վերաբերյալ իրենց առաջարկը, սակայն հավելեց, որ հստակ որեւէ բան ասել չի կարող, քանի դեռ Բաքվից չեն վերադարձել։

Յուրի Մերզլյակովը նաեւ ասաց, թե այցի շրջանակներում եռանախագահները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ չեն հանդիպելու եւ Ստեփանակերտ չեն մեկնելու ժամանակի սղության պատճառով։

Նախքան կրկին Բաքու մեկնելը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ կարճատեւ հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։