Սերժ Սարգսյանը պետական այց կկատարի Հունգարիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիա: Այդ մասին հունգարական MTI լրատվական գործակալությանը փոխանցել են Հունգարիայի նախագահի գրասենյակից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկուշաբթի օրը կկայանան Սարգսյանի եւ Հունգարիայի նախագահ Լասլո Սոլյոմի բանակցությունները եւ կստորագրվեն համաձայնագրեր: Ավելի ուշ Հայաստանի նախագահը կհանդիպի խորհրդարանի խոսնակ Բելա Կատոնայի հետ:

Երեքշաբթի օրը նախատեսված են Հայաստանի նախագահի բանակցությունները Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաիի հետ, որոնց կհաջորդի հունգարացի եւ հայաստանցի գործարարների հանդիպումը խորհրդարանում:

Հունգարիայի եւ Հայաստանի նախագահները նաեւ համատեղ բացելու են երկու երկրների ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդեսը Բուդապեշտում: