Կառավարությունը նպատակահարմար չի համարում նոյեմբերի 22-ը որպես «Հայրենատիրության օր» նշելը

Հայաստանի կառավարությունը ուրբաթ օրվա նիստում նպատակահարմար չհամարեց նոյեմբերի 22-ը որպես «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության մի շարք անդամների եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի առաջարկի ընդունումը:

Հիշյալ պատգամավորները տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծ են ներկայացրել, որտեղ որպես հիմնավորում, մասնավորապես, նշված է. - «1920 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական փաստաթղթով ([Վուդրո] Վիլսոնի «ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ», որը վերնագրված է. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ) պարզ քարտեզագրված է Հայաստանի իրական սահմանները: Այս սահմանները հաստատվել են միջազգային իրավարարությամբ, հետեւաբար որպես դատական գործիք` այն դեռեւս ուժի մեջ է»:

«Մեր ազգային հեռագնա շահերի տեսանկյունից միանգամայն անհրաժեշտ է նոյեմբերի 22-ը պաշտոնապես ամրագրել որպես «Հայրենատիրության օր»: Նոյեմբերի 22-ի ներառումը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ապագայում մեզ հնարավորություն կտա կանխել Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային համապատասխան կառույցներում էստոպելի (estoppel) վկայակոչումը, այսինքն` իրավական այն հիմնադրույթը, երբ իրավատերը` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր գործողությունների բացակայությամբ ցույց է տվել, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ»:


Հովհաննես Շողիկյան