Նկարիչների միությունից անհետացել է Էդվարդ Արծրունյանի աշխատանքներից մեկը

Հոկտեմբերի 30-ին Նկարիչների միության ցուցասրահում բացվեց Էդվարդ Արծրունյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 80-ամյա հոբելյանին: Բայց հոբելյանական ցուցահանդեսի հաջորդ օրը` նկարչի եղբայրը` Համբարձում Արծրունյանը նկատել է, որ ցուցասրահում ներկայացված նկարներից մեկի` «Վարդենիսյան լեռներ»-ի տեղը դատարկ է: Պարզվել է, որ նկարը գողացել են, ինչը Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը դեռ չի կարողանում բացատրել` պատճառաբանելով, որ «նախապես խնդրել էինք, որ փոքր նկարներ չկախեն, քանի որ չունենք հսկողության համակարգ»:
Էդվարդ Արծրունյանը վերջին 5 տարիներին գամված է անկողնուն, բայց շարունակում է աշխատել եւ երեւանյան ցուցահանդեսում ներկայացված 150 աշխատանքների շարքում են նաեւ նրա վերջին տարիների ստեղծագործությունները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկարիչը իր աշխատանքի անհետացումը որակեց, որպես «վատ, տհաճ երեւույթ»:

«Հանճարեղ նկարիչներից միշտ, դժբախտաբար, գողանում են, Պիկասո էլ են գողանում: Ամենալավ, ժամանակակից տեխնիկայով թանգարաններից անգամ գողանում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զույցում նշեց Կարեն Աղամյանը:

Էդվարդ Արծրունյանի հոբելյանի հետ կապված միջոցառումները նախաձեռնել է «Նռանե» կրթամշակութային միությունը, որ նախագահի` Անահիտ Կորյունի խոսքով հոբելյանական միջոցառումները դեռ շարունակվելու են նաեւ գեղանկարչի ծննդավայրում` հայրենի Գյումրիում, որտեղ նոյեմբերի 14-ին կբացվի գեղանկարչի անհատական հոբելյանական ցուցահանդեսը։

Շուտով կհրատարակվի նաեւ գեղանկարչի կենսամատենագիտությունը, իսկ արդեն հաջորդ տարի Երեւանում կբացվի «Երեք ընկեր» խորագրով ցուցահանդեսը, որը կընդգրկի 3 տարեկից ընկերների` Էդվարդ Արծրունյանի, Օննիկ Մինասյանի եւ Դեղձ Աշոտի աշխատանքները: