Մոսկվայում հայաստանցի Է սպանվել

Ռուսաստանի մայրաքաղաքում կիրակի օրը հայաստանցի է սպանվել: 34-ամյա տղամարդու դին ոստիկանները հայտնաբերել են Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում` Պալեխսկայա փողոցի թիվ 131 շենքի մոտ։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` իրավապահները կիրակի երեկոյան ժամը 8-ին ահազանգ են ստացել Պալեխսկայա փողոցի մոտ լսվող կրակոցների մասին։ Մոսկվայում ժամանակավորապես բնակվող հայաստանցին, որի անուն-ազգանունը չի նշվում, մահացել է նախքան իրավապահների դեպքի վայր ժամանելը։

Ըստ իրավապահների, դիակից մի քանի մետր հեռավորության վրա կայանված է եղել Մոսկվայի շրջանի պետհամարանիշով Porsche Cayenne մակնիշի թանկարժեք ավտոմեքենա, որի սալոնում հայտնաբերվել են արյան հետքեր, կրակած պարկուճ եւ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ։

Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։

«Մենք փորձում ենք պարզել սպանվածի գործունեության բնույթը, քննարկում ենք հանցագործության տարբեր վարկածներ: Նախկինում նրան կասկածել են հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ: Գուցեեւ սպանությունը տեղի է ունեցել հենց այդ մեքենայում, որը կարող էր պատկանել զոհին», - ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։