«Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկվի եվրոպական կառույցներին

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցը թարգմանվել է եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է ներկայացվել եվրոպական կառույցներին:

«Թարգմանությունը, ըստ էության, ավարտված է, արդեն պատրաստի թարգմանությունը մենք հրապարակային կդարձնենք եւ նաեւ միջազգային կառույցներին կուղարկենք», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին կայացած նիստում հպանցիկ անդրադարձավ Հայաստանի հարցին, սակայն «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը չքննարկվեց` թարգմանված չլինելու պատճառաբանությամբ: Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկում զեկույցին անդրադարձ կլինի:

Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի տակ չի ստորագրել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա զեկույցը որակել էր «ոչ օբյեկտիվ» եւ հրապարակել իր սեփական զեկույցը եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ չորեքշաբթի օրը, այն արդեն ուղարկել է ԵԽԽՎ-ին:

Արամ Կարապետյանը արձանագրել է, որ «մենք չկարողացանք բացահայտել ո'չ [2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց] մահվան հանգամանքները, ո'չ եղածի իսկությունը, ո'չ եղածի օբյեկտիվությունը, ոչ ոք դրա համար պատիժ չկրեց»:


Իրինա Հովհաննիսյան