Լրագրողների դեմ բռնարարքների քննության ընթացքը ոստիկանապետի հսկողության տակ է

Հայաստան -- Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Հունան Պողոսյան, Երեւան, 27-ը հոկտեմբերի, 2009թ.

Լրագրողների հանդեպ կատարված հանցագործությունների քննության ընթացքը գտնվում է ոստիկանապետի մշտական հսկողության տակ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը հայտարարեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար, գնդապետ Հունան Պողոսյանը:
«Այդ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվում են մի շարք լուրջ ստորաբաժանումներ, այդ թվում՝ մեր ստորաբաժանումը», - հավելեց նա:

Գնդապետ Պողոսյանի հավաստիացմամբ, լրագրողների դեմ կատարված հանցագործությունների որոշ դեպքերի քննության առումով՝ «ահագին առաջընթաց ունենք»։

«Կապված չբացահայտված հանցագործության դեպքերի հետ՝ այսօր չեմ կարող պնդել, որ այդ դեպքերը վաղը կամ մյուս օրը կբացահայտվեն, կամ ունենք ռեալ բացահայտման հեռանկար», - պարզաբանեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետը։

Գնդապետը, մասնավորապես, խոսեց լրագրողներ Էդիկ Բաղդասարյանի եւ Նվեր Մնացականյանի դեմ տեղի ունեցած հարձակումների մասին՝ նշելով, որ երկու դեպքում էլ քննությունը շարունակվում է։

Անդրադարձ եղավ նաեւ վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած մեկ այլ դեպքի՝ բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առնչվող գործին։ Վերջինիս առաջադրվել է Երեւանի գիշերօթիկ դպրոցներից մեկում բռնաբարության մասին զրպարտչական հաղորդում տալու մեղադրանք։

«Ընդամենը մի բան կարող եմ ասել. անվերապահորեն հավատացեք, որ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննություն է կատարվել։ Այնտեղ չի կարող լինել այլ բան, բացի օբյեկտիվ ճշմարտությունից», - հայտարարեց Հունան Պողոսյանը։

Գնդապետ Պողոսյանը ասուլիսի ընթացքում նաեւ ներկայացրեց վերջին 9 ամիսների ընթացքում իր ղեկավարած ստորաբաժանման կատարած աշխատանքի համառոտ ամփոփումը։ Ըստ այդմ՝ համեմատած նախորդ հաշվետու շրջանի հետ, գրանցվել է հանցագործությունների զգալի աճ։ Ըստ բանախոսի, աճել է նաեւ բացահայտումների թիվը։

«Հանրապետությունում գրանցվել են թմրամիջոցների հետ կապված 826 հանցագործություններ՝ նախորդ տարվա 549-ի դիմաց։ Աճը կազմել է 277 դեպք, կամ 65 տոկոս։ Բացահայտված հանցագործություններից 819 թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են։ Նախորդ տարի այս ցուցանիշը 413 էր», - անդրադառնալով թմրամիջոցների հետ կապված գործերին՝ ասաց Հունան Պողոսյանը։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարի փոխանցմամբ, Հայաստանում աճեցվում են հիմնականում կանեփազգի թմրանյութեր՝ առավելապես Արմավիրի, Արարատի մարզերում։ Իրանի Իսլամական Հանրապետությունից հիմնականում ներկրվում են ափիոն տեսակի թմրանյութեր։

Հաշվետու ժամանակահատվածում, Հունան Պողոսյանի փոխանցմամբ, բացահայտվել է թրաֆիքինգի 12 դեպք՝ նախորդ տարվա 8-ի դիմաց։

Տնտեսական բնույթի հանցագործությունների պատկերը հետեւյալն է. - «Գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 652 հանցագործության դեպք։ Նախորդ տարի՝ 313։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է եւ բացահայտվել դրամանենգության 6 դեպք»։

Տնտեսական բնույթի հանցագործությունների շարքին դասվող հանցագործությունների հաշվեկշռում զգալի մաս են կազմում պետական իշխանության եւ կառավարման կարգին դեմ ուղղված հանցագործությունները։

«Այդ ուղղությամբ հանրապետությունում գրանցված 629, նախորդ տարի՝ 523 հանցագործություններից 117-ը, նախորդ տարի՝ 105, տնտեսական բնույթի են», - տեղեկացրեց Պողոսյանը։ - «Ընդ որում նրանցից 71-ը պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ 46-ը՝ կաշառակերության դեպքեր են։ Ունենք տնօրեններ, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել, հիմնարկ-ձեռնարկությունների, լուրջ ընկերությունների, ՍՊԸ-ների հիմնադիր տնօրեններ, պետական պաշտոնյաներ։ Կոռուպցիոն հանցագործությունների 39 դեպք ենք բացահայտել», - ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետը՝ հավելելով, թե ավելին անելու համար ակնկալում է նաեւ լրագրողների աջակցությունը։