Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով նախկին զինծառայող է կալանավորվել

Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով կալանավորվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Հայրապետյանը, ինչպես նաեւ նրա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապ իրականացնելու համար մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի, որի ո'չ ինքնության եւ ո'չ էլ քաղաքացիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում, կալանավորվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում:

Գեւորգ Հայրապետյանը նախկին զինծառայող է¸ պահեստազորի փոխգնդապետ: 2007 թվականին նա արձակվել է Հայաստանի զինված ուժերից զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար:

Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին մասով` «պետական դավաճանություն լրտեսության ձեւով», ինչի համար սահմանված է 10-15 տարվա ազատազրկում:

Քրեական գործով նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:


Ռուզաննա Ստեփանյան