Թուրքիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի վերջին քայլերի առնչությամբ

Ռեջեփ Էրդողանի հանդիպումը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանականների հետ, Անկարա, 20 հոկտեմբերի, 2009

Թուրքիան ափսոսանք է արտահայտել Ադրբեջանի հետ գազի գնի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունների եւ Բաքվի գերեզմանատներից մեկում թուրքական դրոշը հանելու կապակցությամբ:
«Մենք վիրավորված ենք թուրքական դրոշը Բաքվի գերեզմանատնից հանելու կապակցությամբ, որտեղ ամփոփված են 20-րդ դարի սկզբին Ադրբեջանի համար կռված թուրք զինվորները», - «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` երեքշաբթի օրը կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, իր հերթին, ափսոսանք է հայտնել անցած շաբաթավերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարության կապակցությամբ, ըստ որի, Ադրբեջանը այլեւս չի ցանկանում գազը էժան գնով վաճառել Թուրքիային եւ դիտարկելու է իր գազը դեպի Եվրոպա տարանցելու այլ ուղիներ` տարանցման համար Թուրքիայի պահանջած բարձր վճարի պատճառով:

«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Յըլդըզը հերքել է թե' ադրբեջանական գազը էժան գնով ձեռք բերելու եւ թե' տարանցման բարձր վճարի մասին պնդումները` ասելով. - «Ենթադրում եմ, որ նախագահ Ալիեւին ոչ ճշգրիտ տեղեկատվություն են տրամադրել»:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ադրբեջանի հիշյալ քայլերը կապված են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:

Էրդողանը, սակայն, երեքշաբթի օրը մեկ անգամ եւս վստահեցրել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ջանքերը Ադրբեջանի շահերի հաշվին չեն լինի:

«Բացարձակապես նման հարց չի կարող լինել, որ մենք մեր ադրբեջանցի եղբայրներին վնասող որեւէ քայլ ձեռնարկենք», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` հավելելով, որ որոշ շրջանակներ թե' Ադրբեջանում եւ թե' Թուրքիայում «պառակտում են սերմանում» երկու երկրների միջեւ, որոնց դաշինքը երբեմն նկարագրվում է որպես «մեկ ազգ, երկու պետություն»: