Ցյուրիխյան արձանագրությունները ներկայացվեցին Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը

Ցյուրիխում ստորագրվում են հայ - թուրքական արձանագրությունները, 10 հոկտեմբերի, 2009

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները չորեքշաբթի օրը ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը:

Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ` նիստում քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ու քրդական խնդրի լուծման ուղղությամբ կառավարարության վերջին ջանքերը: Նիստից հետո հայտարարություն է տարածվել, որում ասված է, որ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու համագործակցության համար աշխատանքները ակտիվորեն շարունակվելու են:

Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Հաբերթյուրք» գործակալության հաղորդագրությունը, փոխանցում է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորող արձանագրություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը:

Ըստ այս աղբյուրի` Անվտանգության խորհրդի նիստը տեւել է 7 ժամ 40 րոպե: Այն անցկացվել է «Չանկայա» նախագահական նստավայրում` երկրի ղեկավար Աբդուլա Գյուլի նախագահությամբ:

Նիստից հետո կարճ հայտարարություն է տարածվել, համաձայն որի` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կօգնի լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

Հայտարարությունում ասվում է, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մեկ անգամ եւս արձանագրվել է, որ այս գործընթացը [հայ -թուրքական հարաբերությունների կարգավորումը] կօգնի լուծել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խնդիրները: Թուրքիան կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, համագործակցություն եւ վստահություն հաստատելու համար», - նշված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարությունում:

«Զաման»-ի փոխանցմամբ` Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայացրել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Թուրքիայի կառավարությունը հավանություն է տալիս արձանագրությունների վավերացմանը Հայաստանի խորհրդարանի հետ միաժամանակ», - նշված է «Զաման»-ի հաղորդագրությունում:

Չորեքշաբթի օրը խորհրդարան ներկայացնելով արձանագրությունները, Թուրքիայի կառավարությունը, այուամենայնիվ, չի ակնկալում, որ անմիջապես քվեարկություն կանցկացվի, քանի որ հակազդեցություն կա երկու կողմերում էլ, ինչպես նաեւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանում, որի դիրքորոշումն այն է, որ Հայաստան - Թուրքիա հարաբերությունները չպետք է կարգավորվեն, մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, հաղորդում է թուրքական «Անատոլիա» գործակալությունը:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր. - «Ցյուրիխում ստրագրված արձանագրությունները ներկայացվելու են խորհրդարանի դատին: Դրանց վավերացումը այժմ կախված է խորհրդարանի անդամներից»:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը:

«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի պնդմամբ, մասնավորապես, պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշում կայացնելով` «անտեսել է եղբայրական Ադրբեջանի շահերը»:

«Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելով, հետագայում նաեւ Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ արգելելով ադրբեջանական դրոշները մարզադաշտ բերել` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմած կառավարությունը խորապես վիրավորեց ադրբեջանցիներին», - հայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդը:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր մյուս ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը 550-տեղանոց Ազգային մեծ ժողովում 112 պատգամավոր ունի, նույնպես պատրաստվում է դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը:

Դեռեւս հստակ չէ խորհրդարանում մանդատների մեծ մասը տնօրինող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների վերջնական մոտեցումը: Թուրք վերլուծաբաններից շատերը չեն բացառում, որ իշխող կուսակցության պատգամավորները կողմ կքվեարկեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության վավերացման օգտին միայն: «Սահմանի բացումը նախատեսող արձանագրությունը իշխող կուսակցության պատգամավորները կարող են շաղկապել Ղարաբաղյան կարգավորման ընթացքի հետ», - պնդում է թուրքական «Հյուրիեթ» թերթի անգլալեզու տարբերակի խմբագիր Բարչին Յինանջը:

Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները` Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արտյուշ Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կարծիք հայտնեցին, որ Թուրքիայի խորհրդարանը հավանության կարժանացնի արձանագրությունները:

«Կարծում եմ, որ Թուրքիան [արձանագրությունները] կհաստատի: Գուցե հաստատի վերապահումներով` այդ դեպքում դուռ կբացվի նրա համար, որ ինքը Հայաստանը եւս վերապահումներ կատարի», - ասաց Արտյուշ Շահբազյանը` հավելելով. - «Բայց կարծում եմ, որ թուրքերի համար այս արձանագրությունների հաստատումը շատ նպաստավոր է, շատ լավ պատմական առիթ է, եւ իրենք դժվար թե կորցնեն այս առիթը»:

Ռազմիկ Զոհրաբյանը համարում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի, եւ հետո միայն դրանք կվավերացնի նաեւ Հայաստանի խորհրդարանը:

«Քննարկումները այդքան կարճ չեն տեւելու, կարծում եմ, այնտեղ մի քիչ երկար կտեւեն: Մեծ հաշվով, այսինքն` վերջում, ես ավելի շատ համոզմունք ունեմ, որ կհաստատվի, քան` հակառակը: Կա'մ տարեվերջին, կա'մ մինչեւ գարուն` ես այդպես եմ կանխատեսել, որ Թուրքիայում նույնպես կհաստատվի, որովհետեւ կան երկկողմանի շահեր` այդ ճանապարհները բացելու, սահմանները բացելու», - ասաց Զոհրաբյանը:

«Մենք կսպասենք` կա'մ միաժամանակ, կա'մ էլ, ասենք, մի քանի օրվա տարբերությամբ: Այսինքն` մենք կսպասենք իրենց, որովհետեւ մենք ենք առաջարկը արել այս երկկողմ հարաբերությունները սկսելու եւ դիվանագիտական հարաբերությունները սկսելու», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը` ամփոփելով. - «Այսինքն` կախված է իրենցից. իրենք երբ կհաստատեն, մենք իրենցից հետո [կհաստատենք], կամ միաժամանակ` դա պայմանավորվելու խնդիր է արդեն, ներքին կարգով»: