Երեւանում կկայանա ամերիկյան վավերագրական ֆիլմերի փառատոն

Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամերիկացի անվանի կինովավերագրող Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկոմանիա» ֆիլմի ցուցադրությամբ կբացվի ամերիկյան վավերագրական ֆիլմերի փառատոնը Երեւանում, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջը։
«Փառատոնի ընթացքում կցուցադրվեն 2004-2009 թվականներին նկարահանված ավելի քան 30 վավերագրական ֆիլմեր, որոնք հիմնականում ստեղծվել են ամերիկացի անկախ կինոռեժիսորների կողմից: Ամերիկյան կառավարության աջակցությամբ այս ֆիլմաշարը ցուցադրության է ներկայացվում աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում Հայաստանում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին փառատոնի բացմանը ներկա գտնվելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Հոֆմանն ու վավերագրական կինոյի ամերիկացի փորձագետ Սանդրա Ռուչը։

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ։ Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում եւ Ազգային պատկերասրահի կինոդահլիճում։

Ասուլիսին մասնկացում էր նաեւ Ազգային պատկերասրահի կինովարչության պետ Մելիք Կարապետյանը: Նա նշեց, որ իրենք արդեն 5 տարի է, ինչ շատ արդյունավետ համագործակցում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հետ, եւ կարողացել են բազմաթիվ ծրագրեր իրակացնել` թե նոր գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, թե ամերիկյան լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

Մելիք Կարապետյանը շեշտեց, որ Դեյվիդ Հոֆմանն ու Սանդրա Ռուչը երեք օր կանցկացնեն վարպետոթյան դասեր մեր երիտասարդ կինոռեժիսորների համար: