«Ժառանգություն»-ը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Ժառանգություն» կուսակցությունը երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները «ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից»:

«Ժառանգություն»-ը «կոչ է անում արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին` համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների, ահազանգ է հնչեցնում բոլոր քաղաքացիներին` գիտակցելու պահի լրջությունն ու անդառնալիությունը, որպեսզի հետագայում ազգովին չկանգնենք հերթական դավադիր պայմանագրի կործանարար հետեւանքների առջեւ, որն այս անգամ կորզվել է յուրայինի ստորագրությամբ»:

Ըստ հայտարարության` Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը «գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից, եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «վեցշաբաթյա ներքին խորհրդակցությունները» պարտադրված իմիտացիա էին, քանի որ Հայաստանում ու Սփյուռքում գերակայող կարծիքը, այն է` չստորագրել ծուղակներ ունեցող եւ թուրքական նախապայմանները քողարկող այդ փաստաթուղթը, որեւէ կերպ եւ ոչ մեկի կողմից հաշվի չառնվեց»:

«Ժառանգության» համոզմամբ` «հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման «հետագա փուլերում» գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության հետ, որը ո'չ անցյալում, ո'չ էլ այժմ անկեղծ ցանկություն չի դրսեւորել` բաց, ազնիվ ու ճշմարիտ երկխոսություն ծավալելու իր մեծագույն ոճրագործության զոհի` հայ ժողովրդի հետ, չի զղջացել ու չի փոխհատուցել հայության նկատմամբ իրականացրած Հայրենասպանության համար, անցած տարիներին ու ամիսներին ցույց չի տվել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման որեւէ նշան, գործ ենք ունենալու թուրքական կողմի նախապայմանների բավարարման համար նպաստավոր դրույթներ պարունակող արձանագրությունների եւ դրանք չթաքցնող ու ամեն օր հայտարարություններով ամրապնդող թուրքական քաղաքականության հետ, երբ ի լրումն դրա` հայրենյաց իրավունքներն անտեսող Հայաստանի իշխանությունները սեփական լեգիտիմության մեծ պակասուրդը շարունակում են լրացնել հայ ժողովրդի պատմական ու ժամանակակից օրինական իրավունքները քայլ առ քայլ զիջելու, հայրենիքը եւ սփյուռքը պառակտելու հաշվին. լեգիտիմության այդ պակասուրդն էլ հող նախապատրաստեց վերոնշյալ պարտադրանքների համար»: