Շնորհվեցին թարգմանչական «Կանթեղ» մրցանակները

Ավանդաբար այս օրերին նշվող Թարգմանչաց տոնի շրջանակներում Հայաստանի գրողների միության սահմանած «Կանթեղ» մրցանակը այս տարի շնորհվեց Արամ Արսենյանին՝ անգլերենից հայերեն թարգմանական վաստակաշատ աշխատանքի համար, եւ Էդվարդ Հախվերդյանին՝ պարսկերեն հին եւ ժամանակակից գրականությունը (այդ թվում՝ Ղուրանը) հայերեն թարգմանելու համար։
Նրանցից յուրաքանչյուրը կստանա նաեւ 250-ական դոլար դրամական մրցանակ։

Հայ գրականության ընտիր էջերը արաբերեն թարգմանելու համար «Կանթեղ» մրցանակ շնորհվեց սիրիահայ բանաստեղծ, թարգմանիչ Միհրան Մինասյանին, ով կստանա նաեւ 500 դոլար դրամական պարգեւ։

«Այս տարի Օշականում Թարգմանչաց տոնը անցավ ավելի լայն շրջածիրով, արարողությանը մասնակցում էին նաեւ Թարգմանչաց երրորդ համաժողովի մասնակիցները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայատանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։

Եռօրյա քննարկումների ընթացքում 12 երկրներից ժամանած մի քանի տասնյակ գրողները, թարգմանիչները, խմբագիրներն ու գրահրատարակիչները հրաշալի հնարավորություն ունեին ոչ միայն շփվել միմյանց հետ, ճանաչել միմյանց, այլեւ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել՝ թարգմանելու եւ հրատարակելու մեկը մյուսի գրական ստեղծագործություններից, ասել է թե՝ զարգացնելու կամ վերազարգացնելու ազգային գրականութունների փոխգործակցության մեխանիզմները, ուսումնասիրելու թարգմանության պրակտիկան եւ շուկան: