Արձանագրությունների ստորագրման արարողությունը հետաձգվում է

Ցյուրիխում, որտեղ այսօր ծրագրված է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը, անսպասելիորեն հետաձգվել է ստորագրման արարողությունը:

Your browser doesn’t support HTML5

Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահը



«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անսպասելիորեն որոշել է չմասնակցել արարողությունը:

Գործակալությունը նաեւ մեջբերում է անանուն դիվանագետների, թե՝ հայկական կողմը «մտահոգություն է հայտնել ստորագրման արարողությունից հետո թուրքական կողմի հայտարարության ձեւակերպումների կապակցությամբ»:

Թուրք դիվանագետներն ու լրագրողները, մյուս կողմից, ենթադրություն են հնչեցնում, թե Հայաստանի արտգործնախարարի ճառում կան հասկացություններ ու եզրեր, որոնց դեմ առարկում է թուրքական կողմը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը «Ասոշիեյթեդ Փրես»-ին փոխանցել է, թե Քլինթոնը «զբաղված էր փոխընդունելի տեքստի մշակմամբ», եւ հավելել, որ պետքարտուղարը զրուցել է նախ Թուրքիայի, ապա Հայաստանի արտգործնախարարների հետ:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, Երեւանի ժամանակով ժամը 21-ի սահմաններում, բացի ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնից եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից, արարողության բոլոր մասնակիցները Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում են:

Ժամը 9-ն անց 30-ին սրահ վերադարձավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ արձանագրությունները, այնուամենայնիվ, կստորագրվեն:


Հրայր Թամրազյան, Ցյուրիխից