Նախագահների եռակողմ հանդիպումը ավարտվեց

Քիշնեւում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` «հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր»:

Հանդիպման վերաբերյալ մանրամասներ նախագահի մամլո գրասենյակը չի փոխանցում:

Ըստ նույն աղբյուրի, ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի` այսօր Մոլդովայում կայացած նիստում քննարկվել են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, հումանիտար ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, անվտանգության բնագավառին առնչվող, ինչպես նաեւ Համագործակցության կանոնադրական ու այլ մարմինների գործունեության օպտիմալացման ընթացակարգերին վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: