Հայ-թուրքական զարգացումները գնահատում են լրատվամիջոցների ղեկավարները

Հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դրական գնահատեցին հայ-թուրքական մերձեցման գործընթացն ու, մասնավորապես, երկու երկրների սահմանի բացման հեռանկարը։
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, օրինակ, ուղղակի անհեթեթ է համարում այս հարցերի շուրջ բանավեճի ծավալումը։

«Եկեք ելնենք նրանից, որ համարում ենք, որ սահմանի բացումը կարող է միայն դրական դեր խաղալ այս երկրի կյանքում՝ ե'ւ տնտեսական առումով, ե'ւ զուտ մթնոլորտի առումով», - ասաց Օհանյանը՝ հավելելով, թե վտանգը «բոլորովին այլ տեղ է»։ Այն է` «հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվում են, ինչին, սակայն, չի հետեւում սահմանի բացումը»։

Իսկ եթե իրադարձությունները զարգանան նախանշված ընթացքով, եւ առաջիկա հունվարից հետո մենք ունենանք բաց սահման, ապա, ըստ «Հրապարակ»-ի խմբագրի՝ «հաղթողներին չեն դատապարտում»:

Դիտարկմանը, թե հայ-թուրքական մերձեցման ընդդիմախոսները պնդում են, որ կարգավորմանը դեմ չեն, սակայն, կոնկրետ այս արձանագրությունները վկայում են, որ դրա համար շատ բարձր եւ չհիմնավորված գին ենք վճարում, Օհանյանը արձագանքեց. - «Այդ խոսակցությունների մեջ այնքան շատ էմոցիա է դրված, որ ռեալը, ռացիոնալը իռացիոնալից տարբերելը շատ բարդ է»:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, մինչեւ հարցի առնչությամբ առավել համապարփակ կարծիք ներկայացնելը, բավական կտրուկ գնահատեց սփյուռքահայ շրջանակներում Սերժ Սարգսյանի շրջագայության ընթացքում բարձրացած բողոքի ալիքը. - «Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Լիբանանի քաղաքացին չպիտի գնահատականներ կամ որակումներ տա Հայաստանի նախագահին: Նա պետք է որակումներ տա Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Լիբանանի նախագահներին»:

Հարցին, թե Թուրքիայի հետ հայտնի արձանագրություններով նախանշված հարաբերությունների զարգացման մեջ ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական տարրեր է տեսնում, Աբրահամյանն արձագանքեց. - «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հարեւան երկրի հետ՝ բոլոր իր վտանգներով, ռիսկերով, մտահոգություններով, պլուս է»:

Նրա խոսքով, իր այս գնահատականին շատ հաճախ ասում են, թե ինքը իշխանամետ է:

«Իշխանամետ լինելու հետ դա կապ չունի, որովհետեւ ես գտնում եմ, որ իշխանությունը ոչ լեգիտիմ է, իշխանությունը կոռումպացված է, իշխանությունը հակադեմոկրատական է. այդ ամեն ինչը ուժի մեջ է մնում: Բայց, ինչ իշխանություն էլ լինի, դիվանագիտական հարաբերություններ հաստատելը հարեւան բոլոր երկրների հետ, դա, ինձ թվում է, շատ կարեւոր քայլ է, եւ դրանից հետո արդեն կարելի է քննարկել, թե ինչ զարգացումներ կունենան այս կամ այն հարաբերությունները»:

«Հրապարակ»-ի խմբագիրը նախագահ Սերժ Սարգսյանի` սփյուռքահայ գաղթօջախներ կատարած այցերի նպատակը, ընդհանուր առմամբ, հասկանալի է համարում։ Այդուհանդերձ, նա վերապահումներ ունի. - «Ի՞նչ արդյունք է դա տալու, ինչպիսի՞ եզրահանգման է հանգեցնելու երկրի նախագահին: Արդյո՞ք այս ակցիաները բողոքի, որ մենք տեսնում ենք, ինչ-որ ձեւով ազդելու են նրա որոշումների վրա: Եվ արդյո՞ք դրանց արդյունքում այդ արձանագրությունները չեն ստորագրվելու: Եթե այդպես չէ, եւ դրանք ընդամենը ֆորմալ հանդիպումների շարք էին, ես կարծում եմ՝ անիմաստ էր դա: Եթե դա ազդելու է նրա որոշումների վրա, նորից կարծում եմ, որ անիմաստ էր, որովհետեւ, ի վերջո, որոշումը կայացվում է այլ գործոնների ազդեցության տակ»:

«Բազիս» տնտեսական ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման բացառապես տնտեսական ասպեկտին՝ նշելով, որ, այսպես կոչված, մինուսների եւ պլյուսների համադրման արդյունքում, դրականը, միանշանակորեն գերակշռում է։

Նման համադրման արդյունքը, նրա խոսքերով, միանշանակ է. - «Չնայած բոլոր մտավախություններին, եւ եթե քաղաքական ենթատեքստը թողնենք մի կողմի վրա, տնտեսապես սահմանի բացումը շատ մեծ զարգացումների առիթ է ստեղծում Հայաստանի համար»: