Ստեղծվում է Ռամկավար ազատական կուսակցության Համաշխարհային խորհուրդ

Երեւանում հոկտեմբերի 3-5-ը կայացած Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ) - Արմենական միավորիչ համաժողովը հռչակել է իրեն ՌԱԿ Համաշխարհային խորհրդի ստեղծման հիմնադիր ժողով` որոշելով ստեղծել ՌԱԿ Համաշխարհային խորհուրդ եւ ընտրել այդ խորհրդի գործադիր մարմին:

ՌԱԿ Համաշխարհային խորհրդի հիմնադիր ժողովի նախագահության տարածած հաղորդագրության համաձայն, գործադիր մարմինը, որի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Երեւանում, կազմված կլինի 11 անդամներից, որից 6-ը ներկայացնելու են Սփյուռքը, 5-ը` Հայաստանը:

Գործադիր մարմնին հանձնարարվել է մշակել Համաշխարհային խորհրդի կանոնադրությունը եւ գործառույթները, կազմակերպել քարոզչություն Սփյուռքում եւ հայրենիքում Ռամկավար ազատական կուսակցության միավորման եւ նոր կառույցների ստեղծման համար, 2010 թվականի հոկտեմբերին Երեւանում հրավիրել ՌԱԿ Համաշխարհային խորհրդի պատգամավորական համաժողովը: