Աշխարհահռչակ ռոք-երաժիշտները Հայաստանում են

Աշխարհահռչակ ռոք երաժիշտները ասուլիսի ժամանակ: 2-ը հոկտեմբերի, 2009թ.

Ռոք-երաժշտության աշխարհահռչակ աստղեր Իէն Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath), Ջոուֆ Դաունսին (Asia) եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին երկօրյա այցով հոկտեմբերի 1-ին ժամանել են Հայաստան, եւ ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ շարունակելու են «երկրաշարժից տուժած եւ մինչ այժմ օգնության կարիք ունեցողներին ուղղված» իրենց բարեգործական աշխատանքը։
1989 թվականի աշնանը բրիտանացի Ջոն Դին նկարահանումներ կատարելու նպատակով եկավ Սպիտակ եւ Լենինական, ու երկրաշարժի հետեւանքով Հայաստանին բաժին հասած մարդկային ողբերգություններից ցնցված՝ նախաձեռնեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը։

1989-ի աշնանը Deep Purple խումբը այլ ռոք խմբերի՝ Black Sabbath-ի, Pink Floyd-ի եւ մի շարք այլ խմբերի հետ ձայնագրեց Smoke on the Water երգը։ Այնուհետեւ, նախագծին մասնակցող ռոք երաժիշտները մեկական երգ նվիրեցին։ Կազմված սկավառակի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց աղետյալ Հայաստանին։

Այս անգամ երաժիշտներին Հայաստան է բերել Mediamax գործակալությունը՝ Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում։ Երեկ երաժիշտները այցելել էին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր եւ բավական տխուր տպավորություն ստացել։ Մինչ այժմ աղետի հարվածները զգացող շրջաններին, մասնավորապես, Գյումրիի երաժշտական դպրոցներից մեկին օգնելու համար երաժիշտները որոշել են Հայաստանին նվիրել իրենց նոր ձայնագրած remix-ը՝ այս անգամ Black Sabbath-ի ռեպերտուարից։

Այս ծրագրից բացի, երաժիշտներից Իէն Գիլանն ասաց, թե հույս ունի գալ եւ հաջրոդ տարվա մարտին հայաստանյան նվագախմբերից մեկի հետ ելույթ ունենալ։

Հայաստանի երախտագիտությունը աշխարհահռչակ երաժիշտներին հայտնելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նախագահի անունից «հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար» շքանշաններ է հանձնել նրանց։