Սեպտեմբերի 30-ի մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. - «Վերջին ամիսներին հայ - թուրքական հարաբերություններն այնքան են զբաղեցրել բոլորիս ուշադրությունը, որ հետին պլան են մղվել հայ - ռուսական, հայ - վրացական եւ մյուս բոլոր հարաբերությունները: Բայց դա` միայն առաջին հայացքից: Իրականում` մեր իշխանությունը շարունակում է մնալ ռուսական քաղաքականության դաշտում, եւ դրա մասին են վկայում հատկապես Սերժ Սարգսյանի քայլերը: Ընդամենը մի քանի օրվա կտրվածքով նա իր նստավայրում ընդունում է ռուսական էստրադայի «պրիմադոննային»` Ալլա Պուգաչովային, եւ ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, մեր Ալլա Լեւոնյանը կամ Ազատ Գասպարյանն այցելեին Ռուսաստան, եւ նախագահ Մեդվեդեւը նրանց ընդուներ իր նստավայրում: Ավելին` Ալլա Լեւոնյանին շնորհեր, ասենք, «Պյոտր Առաջին» մեդալ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Դաշնակցական մտածելակերպը լավագույնս ձեւակերպել է հացադուլի մասնակիցներից մեկը, ով ասել է. «Մինչեւ Ցեղասպանությունը չճանաչեն, մինչեւ Սեւրի պայմանագիրը չճանաչեն, մինչեւ Ղարաբաղի անկախությունը չճանաչեն՝ ոչ մի հարաբերություն Թուրքիայի հետ»: Նկատենք, որ այստեղ կա մի փոքրիկ հակասություն. եթե մեզ նվիրեն Սեւրի պայմանագրով նախատեսված տարածքները, ապա ոչ մի սահման էլ պետք չէ բացել՝ Արաքսից այն կողմ էլ Հայաստանի Հանրապետություն կլինի: Կարելի է, իհարկե, արձանագրել, որ դաշնակցականները ընկել են քիմերաների հետեւից: Բայց չհարգել այդ շարքային կուսակցականների հավատը, համոզմունքը, նվիրվածությունը՝ ես չեմ կարող: Դե հիմա պատկերացրեք, որ Հրանտ Բագրատյանը կամ Դավիթ Շահնազարյանը գնան-նստեն դաշնակցականների կողքին եւ նույնպես Սեւրի պայմանագրի ճանաչումը պահանջեն: Դուք չե՞ք ասի, որ այդ մարդիկ անսկզբունքային են, որ նրանց կեցվածքը հակասում է իրենց ամբողջ նախորդ քաղաքական կենսագրությանը: Մի խոսքով, ՀՅԴ - «Ժառանգություն» համագործակցությունն այս հարցում քիչ թե շատ բնական է թվում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես տեղավորվում է ազգային տեսլականի առասպելաբանության մեջ: Բայց ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը այստեղ չեն կարող դաշինք կազմել՝ նախեւառաջ այն պատճառով, որ դավանում են հակադիր գաղափարախոսություններ: Եթե այդ համագործակցությունը, այնուամենայնիվ, կայանա, դա կհիասթափեցնի թե' ՀԱԿ-ի, թե' ՀՅԴ-ի անկեղծ կողմնակիցներին»:

Հայ-թուրքական քննարկումների մասին «Հայք»-ը գրում է. - «Ամենազավեշտալին քննարկման իմիտացիան է: Ընտրակեղծիքների մեջ վարպետացած վարչախումբը կեղծում է նաեւ քննարկումների արդյունքները: Գտնվում են մտավորականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ընդ որում, բոլորն էլ չակերտավոր, որոնք անկախ նրանից, թե ինչ են մտածում կամ չեն մտածում, ասում են այն, ինչ ուզում է լսել Սերժ Սարգսյանը: Իսկ վարչախումբն էլ այս քննարկումներն օգտագործում է կրկին շահադիտական նպատակներով: Հաշվարկը շատ պրիմիտիվ է: Նրանք մտածում են, թե ժողովրդի մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կսկսեն սիրել թուրքերին այդքան ատող կուսակցություններին, որոնք հացադուլ եւ նստացույց են անում եւ նույնիսկ հանրաքվե են պահանջում: Վարչախումբը նաեւ վստահ է, որ այդ կուսակցություններին սիրողներն այնքան են վախեցած սահմանի բացումից, որ չեն էլ մտածի, թե այս կուսակցություններն ինչու չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր ցեղասպանության հարցն արծարծելով փող աշխատել, ապա Սերժ Սարգսյանն էլ ցանկանում է ինկուբատորային ընդդիմություն աճեցնել»:

«Հայոց Աշխարհ»-ը հիշեցնում է. - «Վաղը՝ հոկտեմբերի 1-ին, մեկնարկում է նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ։ Այս համահայկական ուղեւորության առնչությամբ հաճախ կարելի է ընդդիմախոսներից լսել, թե՝ «ի՞նչ իմաստ ունի Սփյուռքի հետ քննարկել կամ կարծիքներ լսել արձանագրությունների մասին, եթե փոփոխություններ չեն արվելու», կամ՝ «նախքան նախաստորագրելն էր պետք քննարկել», ու նման ձեւակերպումներ։ Այստեղ եւս երկու կարծիք լինել չի կարող՝ իհարկե՛ պետք է։ Որքան շատ կարծիքներ ու տեսակետներ արտահայտվեն նման կարեւոր խնդրի վերաբերյալ, այնքան կնեղանա սխալվելու հավանականությունը եւ, հակառակը, կընդլայնվի հնարավորինս ճիշտ զարգացման տարբերակ ընտրելու հնարավորությունը։ Ի վերջո, հայկական ասացվածք է, չէ՞, «Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ»։

Նույն խնդրի մասին «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հարց է ծագում, թե ինչու պարոն Սարգսյանը կամ նրա ենթակայության տակ աշխատող կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր են ուսումնասիրել սփյուռքի կարծիքը եւ հայտնել այն երկրի ղեկավարությանը (խոսքը Արտգործնախարարության եւ անհասկանալի Սփյուռքի նախարարության մասին է), առ այսօր չեն ուսումնասիրել արտերկրի հնարավոր արձագանքը հայ-թուրքական պայմանավորվածություններին եւ միջոցներ չեն ձեռնարկել իրենց դիրքորոշումը բացատրելու համար: Նշանակում է, որ այդ օղակները պարզապես չեն աշխատում... Այնուհետեւ անձամբ ինձ անհասկանալի է, թե ինչ է մեր երկրի փաստացի ղեկավարը ասելու արտասահմանում: Ի՞նչ է, գաղթականների սերունդներին փորձելու է ապացուցել, որ պատմաբանները իրենցից լա՞վ գիտեն, թե ինչու իրենք դարձան գաղթական: Նույն հաջողությամբ պարոն Սերժ Սարգսյանը կարող էր արտասահմանյան վոյաժ ձեռնարկել՝ սփյուռքին ապացուցելու, որ երկու անգամ երկու հավասար է հինգի»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին 500 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու որոշումը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար. - «Վարկային պայմանագրով նախատեսված է յոթ տարվա ընթացքում վերակառուցել Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ավտոմոբիլային ճանապարհը։ Վրաստանում եւս իրականացվում է ճանապարհահատվածի իրենց մասի կառուցումը՝ Ախալքալաք-Ախալցխա-Շուախերի-Բաթում ճանապարհագծով: Նոր կառուցվելիք ճանապարհը Երեւան-Բաթում 700 կիլոմետրանոց ճանապարհը կկրճատի մոտ 30%-ով։ Վրացական տարածքում մոտ 170 կմ ամբողջովին պետք է նոր ճանապարհ կառուցվի: Նոր կառուցվելիք ճանապարհով Երեւանից Բաթում հնարավոր կլինի հասնել 5 ժամում՝ ներկայիս 10-12 ժամվա փոխարեն»: