«Արդյո՞ք Բուրսան ճիշտ ընտրություն է Թուրքիա-Հայաստան հանդիպման համար»

Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ, անցած շաբաթ օրը Բուրսայի Քեմալ Աթաթուրքի անվան մարզադաշտում Թուրքիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում տեղի «Բուրսասպորը» ընդունել է «Դիարբեքիրսպորին»։
Հյուրերի հանդեպ չափազանց ագրեսիվ տրամադրված «Բուրսասպորի» երկրպագումները խաղի ընթացքում վանկարկել են հայհոյանքներ եւ սպառնալիքներ, պարզել են «Մենք բոլորս թո'ւրք ենք, բոլորս զինվո'ր ենք» եւ «Երջանի'կ է նա, ով իրեն թուրք է համարում» ազգայնամոլական կարգախոսներով պաստառներ։

«Հյուրիեթ»-ը նշում է, որ Բուրսայում նախկինում էլ միջադեպեր են տեղի ունեցել Դիարբեքիրի թիմի հետ հանդիպումների ընթացքում։ Բուրսայում ծայրահեղ ազգայնականները դիարբեքիրցիներին համարում են քրդերի եւ մասնավորապես` Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՊԿԿ) աջակիցներ։

«Դժբախտաբար, տեղացիները չեն սահմանափակվել սոսկ հայհոյանքներ բղավելով։ Հանդիպման 26-րդ րոպեին նրանք սկսել են կոտրել նստարաններն ու դրանց բեկորները նետել Դիարբեքիրից ժամանած մարզասերների վրա։ Ոմանք նույմիսկ ճեղքել են երկու թիմերի երկրպագուներին միմյանցից բաժանող ցանկապատն ու ձեռնամարտի բռնվել հյուրերի հետ։ Ընդհարումը հաջողվել է դադարեցնել միայն ոստիկանների միջամտությամբ, սակայն «Դիարբեքիրսպորի» տասը երկրպագու, նրանց թվում մի կին` այդ պահին արդեն վնասվածքներ էին ստացել։ Հինգ մարդ ձերբակալվել է», - փոխանցում է թերթը։

Ի վերջո տեղացիները հաղթել են 4-0 հաշվով։ «Բուրսասպոր» ակումբի նախագահ Իբրահիմ Յազըչին պաշտոնապես ներողություն է խնդրել «Դիարբեքիրսպորի» նախագահ Չեթին Սումերից։

«Խաղի ընթացքում հնչել են ինձ համար անընդունելի վանկարկումներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել ապագայում նմանօրինակ սադրանքներ թույլ չտալու համար», - ասել է Յազըչին։

«Դիարբեքիրսպոր» ակումբի նախագահ Սումերը խաղից հետո դառնացած ասել է. - «Նրանք վանկարկել են «ՊԿԿ հեռացի՜ր», մի՞թե ես ՊԿԿ-ից եմ։ Ամո՜թ է, սա բոլորի՜ս երկիրն է»։

«Հյուրիեթ»-ը հարց է տալիս` «Արդյո՞ք Բուրսան ճիշտ ընտրույթուն է Թուրքիա-Հայաստան հանդիպման համար»։ Երկու երկրների ազգային հավաքականները, հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին այդ նույն մարզադաշտում հանդիպելու են ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։

Նշելով, որ Անկարան եւ Երեւանը այժմ փորձում են բարելավել հարաբերությունները եւ որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին կամ 11-ին պետք է ստորագրի նախաստորագրված արձանագրությունները, «Հյուրիեթ»-ը գրում է, թե «կա մտավախություն, որ ծայրահեղ ազգայնականները կփորձեն խաղի ընթացքում ի չիք դարձնել այդ փորձերը»։